HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն կստեղծի կորոնավիրուսի համավարակի օրերին իրականացված գործողությունների գնահատման հանձնաժողով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կստեղծի փորձագետների խումբ, որը կուսումնասիրի կազմակերպության գործողությունները, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են աշխարհի պետությունների կառավարությունների կողմից՝ ի պատասխան կորոնավիրուսի համավարակի։ Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը՝ 194 երկրներում կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած առցանց հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով՝ աշխատանքային խումբը կգլխավորեն Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը և Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, իսկ հանձնաժողովի մանդատը կմշակվի ԱՀԿ անդամ պետությունների հետ համաձայնության արդյունքում։ Սպասվում է, որ հանձնաժողովը միջանկյալ զեկույցը կպատրաստի և կներկայացնի ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ, որը կկայանա այս տարվա նոյեմբերին։ «Այն չի լինի ստանդարտ զեկույց, որպեսզի դնենք կատարման հերթական նշանը և ամուր պահենք պահարաններում։ Սա այն է, ինչին մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվելու»,- հայտարարել է Գեբրեյեսուսը։

Կորոնավիրուսի համավարակի սկզբնական շրջանում ԱՀԿ գործողությունները ենթարկվել են միջազգային լուրջ քննադատության։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հուլիսի 7-ին հայտարարել էր, որ մեկ տարի անց ԱՄՆ-ն կլքի ԱՀԿ կազմը, բազմիցս նշել է, որ կազմակերպությունը չափից դուրս ընկերաբար է տրամադրված Չինաստանի նկատմամբ՝ վերջինիս աջակցելով կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման գործընթացում, ինչը հանգեցրել է վիրուսի լայն տարածմանը։ ԱՀԿ-ն հերքում է այդ քննադատությունը։

Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 12 միլիոն մարդ։ Արդյունքում, կորոնավիրուսից և դրա հետևանքներից մահացել է ավելի քան 550 հազար մարդ, ապաքինվել՝ 6,9 միլիոնը։

Լուսանկարը՝ FABRICE COFFRINI/POOL/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter