HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Առաջիկա 10 օրում տնտեսական գործունեության բոլոր ոլորտները պետք է բացվեն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք ուղիղ եթերում հայտարարեց, որ Կառավարությունը մտածում է առաջիկա 10 օրում տնտեսական գործունեության բոլոր տեսակները թույլատրելու մասին։ Փաշինյանի խոսքով՝ գալիք օրերի ընթացքում սահմանափակումները քիչ-քիչ կթուլացվեն։

«Հիմա պարետը նոր որոշում է ստորագրում, որի արդյունքում կայացնելու ենք հետևյալ որոշումները․ հանվում է բնակության վայրից ոչ ավել, քան մեկ կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ և հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը։ Ավելի թուլացվելու է ռեժիմը, և մասնավորապես թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել` պայմանով, որ պարետը կսահմանի ժամերը, եթե չեմ սխալվում` առավոտյան ժամը 10։00-ից 12։00 և երեկոյան 19։00-21։00։ Ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ։ Այս ամենի հետ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ պարետը շուտով զբոսանքի սահմանափակումների թուլացման մասին որոշումը կստորագրի։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե արտառոց դեպքեր չպատահեն, առաջիկա 10 օրերի ընթացքում սահմանափակումների ռեժիմն էլ ավելի կթուլացվի։

«Հիմա մտածում ենք, որ առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսական գործունեության բոլոր ոլորտները պետք է բացվեն, սակայն ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման կարգ սահմանի։ Այսինքն՝ ռեստորանները ինչ անվտանգության կանոն պետք է պահպանեն, արտադրամասերը ինչ կանոններ պետք է պահպանեն և այսպես շարունակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ սահմանափակումները կշարունակեն կիրառվել միայն կրթական համակարգում, և իրավիճակի փոփոխությանը զուգահեռ՝ համապատասխան կերպով կարձագանքեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter