
Նիկոլ Փաշինյան. «Եթե այս տեմպերով գնանք, ապա ստիպված ենք լինելու նորից սահմանափակումներ կիրառել»
Կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում և հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չեն պահպանվում: Այս մասին իր ֆեյսբուք ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը, հաշվի առնելով նաև այն, որ կորոնավիրուսը դեռ երկար շարունակելու է մնալ մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազման: Այս պահին, ըստ էության, բացվել են տնտեսական գործունեության բոլոր ձևերը, նրանք, որոնք չեն բացվել, պատրաստվում ենք բացել: Այս ամեն ինչը արդյունավետ կինի, եթե մենք անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է որոշակի կանոններ պահպանելու պատասխանատվություն ստանձնի»,- ասաց կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսն առնվազն մեկ տարի դեռ պահպանվելու է, և պետք է սովորել ապրել վարակին զուգահեռ, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի նշանակում ապրել առանց կաշկանդվածության:
«Եթե այս տեմպերով մենք գնանք և դեպքերի թիվը այս տեմպով ավելանա, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի է բոլորիս համար: Սահմանափակումների նպատակը այն է լինելու, որ հանկարծ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մայիսի 4-ին՝ սահմանափակումների թուլացումից հետո տնտեսությունը վերականգնման միտումներ է ցուցաբերել, ինչը նաև դրական ազդեցություն կունենա սոցիալական վիճակի վրա: Նրա խոսքով՝ մայիսի 12-ի դրությամբ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է 73 միլիարդ դրամ, և այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 1,1 միլիոն քաղաքացի:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, ինչը մեկ օրվա կտրվածքով մինչև օրս արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Ընդհանուր դեպքերի թիվն էլ կազմում է 3718, որից մահվան ելքով դեպքերը՝ 48:
Մեկնաբանել