
Փոխնախարարն ասում է, որ համավարակի հետևանքով գործազուրկների թիվը կավելանա 40 հազարով
Համավարակով պայմանավորված այս փուլում զբաղվածությունն իր տեղը զիջել է սոցիալական աջակցությանը: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:
«Նախորդ շաբաթ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ընդունվեցին, որոնք որոշակի խաղի կանոններ սահմանեցին գործատուների համար, որպեսզի խուսափենք աշխատատեղեր կորցնելուց»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` համավարակի և դրան հաջորդող ժամանակահատվածում, ըստ նախնական հաշվարկների, գործազրկությունը 1.3 տոկոսով կավելանա` 17.7 տոկոսից բարձրանալով 19 տոկոսի:
«Եթե վերածենք թվերի, ապա հավելյալ 40 հազար գործազուրկ: Այն ոլորտները, որտեղ գործազրկությունը զգալի կլինի, հետևյալն են` սպասարկման, հանրայի սննդի ծառայություններ, մի փոքր չափով կտուժի նաև շինարարությունը: Սեզոնային աշխատողների այն բանակը, որոնք գնում են ՌԴ, մի քանի ամիս հավանաբար կհամալրեն մեր գործազուրկների քանակը: Այս առումով տարբեր մարտավարական քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի տարբեր շահառու խմբերի համար ունենանք հասցեական ծրագրեր»,- ասաց նա:
Արման Ուդումնյանն ասում է, որ այս տարվա հունվարի 1-ց մինչև մարտի 16-ը Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել 305 անձ, գործակալության մարզային գրասենյակներ այցելած, և խորհրդտավություն ստացած և գործատուի մոտ ուղղորդված 2830 անձ աշխատանքի է տեղավորվել:
«Ապրիլի 1-ի դրությամբ պետական գործակալության տվյալների շտեմարանում ունեցել ենք 85 հազար 900 գործազուրկներ և աշխատանք փնտրողներ»,- ասաց Ուդումյանը:
Փոխնախարարը ներկայացրեց զբաղվածության այն նոր ծրագրերը, որոնք նախարարությունը մշակել է, այժմ Կառավարությունում քննարկվում է:
«Առաջինը նոր աշատատեղերի ստեղծման խթանման ծրագիրն է, այս ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար չորս ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում` շահառուի համար սահմանված ամսական աշխաավարձի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 85 հազար դրամը, որի մեջ կներառվի նաև սոցվճարը, դրոշմանիշային վճարը և մյուս պարտադիր վճարները»,- ասաց Ուդումյանը:
Նրա խոսքով` ծրագիրը կգործի մինչ 2020-ի դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ այն մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ և մինչև դեկտեմբերի 31-ը գտնեն աշխատանք, նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն ութ ամիս տևողությամբ:
«Երկու տարբերակ կար, առաջինն այն էր, որ վճարենք առաջին չորս ամիսների համար` որպես շահագրգռվածություն աշխատող ընդունելու համար, երկրորդ տարբերակը` վճարենք առաջին, երկրորդ, յոթերորդ և ութերորդ ամիսների համար, մենք այս տարբերակով գնացինք»,-ասաց Արման Ուդումյանը:
Ըստ փոխնախարարի` ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 500 շահառուի համար, սակայն մեծ հավանականությամբ շահառուների թիվը ավելի կընդլայնվի:
«Միակ պայմանը, որ շահառուն չպետք է ընդունվի նույն գործատուի մոտ աշխատանքի, որի մոտ մինչ արտակարգ դրությունն էր աշխատում: Սա արվում է հնարավոր չարաշահումներից խուսափելու համար»,-ասաց նա:
Մյուս ծրագիրը վերաբերում է հասարակական` վարձատրվող աշխատանքների ընդլայնմանը, ինչպես`անտառների խնամքի աշխատանքների ընդլայնմանը:
«Սա ոչ միայն տաս միլիոն ծառ տնկելու ծրագրին է միտված, այլևս գյուղական համայնքների բնակիչների համար կապահովենք ժամանակավոր զբաղվածություն»,- մանրամասնեց Ուդումյանը:
Մեկնաբանել