HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 406 դեպք, որից 203-ը՝ Սևանում

Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 դեպք, որից 203-ը՝ Սևանի տարածաշրջանում։ Գրանցվել է մահվան 6 մահվան դեպք, առողջացել է 204 անձ:

Այսօր գրանցված դեպքերը 37-ն են, 1 մահվան նոր դեպքով։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետի օգնական Լիանա Հովհաննիսյանը:

«Երեկ՝ մայիսի 24-ին, պարետատան հետ քննարկման արդյունքում, դիտարկելով վերջին օրերին հիվանդության տարածման տեմպը Սևան քաղաքում, որոշում կայացվեց, մինչև հունիսի 3-ը փակել քաղաքը: Այսօր մինչև ժամը 13:00 քաղաքի բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց հիմնական բնակության վայր՝ Սևան, այս պահի դրությամբ քաղաքի մուտքերը փակ են»,- ասաց մարզպետի օգնական Լիանա Հովհաննիսյանը:

Մարզպետի օգնականը նշեց նաև, որ հարակից համայնքներում աշխատողները, որոնք բնակվում են Սևան քաղաքում և վերջիններիս աշխատանքի ներկայանալը պարտադիր է, քաղաքի տարածքը լքելու են աշխատանքի վայրից տեղաշարժման թերթիկի առկայությամբ:

«Այլ համայնքներում աշխատող Սևանի բնակիչների անվտանգության ու վարակի տարածման պատճառ չդառնալու գործը դրված է տնտեսվարողների վրա, այսինքն նրանք պետք է որոշեն, իրենց աշխատողը, որն ապրում է Սևանում պե՞տք է ներկայանա աշխատանքի թե ոչ »,- տեղեկացրեց Լիանա Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ մարզում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 468-ն է, բայց քանի որ պացիենտներից  62-ը վարակվելու ընթացքում չեն եղել մարզում, որպես մարզի տվյալ հրապարակում են ՝ 406-ը:

«62 վարակակիրները ողջ ընթացքում գտնվել են մարզից դուրս, այսինքն նրանց մի մասը պարզապես փաստաթղթերով գրանցված է մարզում, բայց ապրում է այլ տեղում կամ վարակման ընթացքից մինչ օրս չի եղել մարզում»,- նշեց մարզպետի օգնականը:

Նրա խոսքով՝ այս պահին Սևան քաղաքում արգելված են մի շարք տնտեսկան գործունեության տեսակներ, շինարարությունը, մանրածախ  ու մեծածախ առևտրի տեսակները՝ բացառությամբ մթերայինի, դեղատների:

Գեղարքունիքի մարզում չկան առանձնացված  բժշկական կենտրոններ, որտեղ կհոսպիտալացվեն կորոնավիրուսիային հիվանդություն ունեցող քաղաքացիները: 

Բնակիչները ախտանիշներ ունենալու դեպքում պետք է դիմեն իրենց բնակավայրի պոլիկլինիկա:

«Եթե քաղաքացին ունենա առնվազն 2 ախտանիշ, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, նրանից նմուշառում կարվի, իսկ մինչ թեստի պատասխանը ստանալը, քաղաքացին պետք է ինքնամեկուսանա իր տանը։ Պատասխանը դրական լինելու դեպքում, եթե պացիենտն ունենա քրոնիկ հիվանություններ կամ ինքնազգացողությունը վատ լինի, կտեղափոխվի Երևան, կամ այլ տարածաշրջանի հիվանդանոց, որը ծառայում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համար, անսիմպտոմ դեպքերի պարագայում բուժումը կիրականացվի տանը, բժիշկների վերահսկողությամբ»,- ասաց Լիանա Հովհաննիսյանը:

Գրանցված դեպքերն ըստ տարածաշրջանների՝

Սևան՝ 203 դեպք, որից 22-ը 0-18 տարեկան:

Գավառ՝ 8 դեպք, որից 2-ը 0-18 տարեկան:

Մարտունի՝ 77 դեպք, որից 7-ը 0-18 տարեկան:

Ճամբարակ՝ 0 

Վարդենիս՝ 176 դեպք, 26-ը  0-18 տարեկան:

Վարակի դեպքեր գրանցվել են 36 համայնքներում՝

Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշենեւ, Գավառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter