Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քաղաքացիների տեղորոշումը սահմանող նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը: Այս փոփոխություններով Կառավարությունը ցանկանում է գործիքակազմ ստեղծել կորոնավիրուսով վարակված անձանց հնարավոր շրջանակը պարզելու` արձանագրված հեռախոսազանգի միջոցով:
Ընդդիմությունն ինչպես և առաջին ընթերցմամբ քննարկմանը, կրկին ներկա չէր այս նիստին:
Նախագծերն ընդունվեցին 71 կողմ ձայներով:
Հիշեցնենք, որ առավոտյան այս փաթեթը երկրորդ ընթերցմամբ մերժվել էր, ինչից հետո Կառավարությունը նույն փաթեթը կրկին ուղարկել էր խորհրդարան` այս անգամ և´ առաջին, և´ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:
Նախագծերի փաթեթով, ինչպես վստահեցրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, չի լինելու որևէ խոսակցության գաղտնալսում, որևէ հաղորդագրության բովանդակության բացահայտում: Հավաքագրված տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց:
Տեղեկացնենք, որ նիստին ներկա էր նաև պարետ Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանն իր արտահերթ ելույթում անդրադարձավ խորհրդարանում վերջին օրերին ամենաշատ հնչած հարցին` ինչ է տալու պարետատանն այս գործիքակազմը: Ավինյանի խոսքով` այս փոփոխությունները միտված են մեկուսացման աշխատանքներն ավելի էֆեկտիվ դարձնելուն:
«Անձանց տեղերոշման վերաբերյալ ինֆորմացիան, որը պահպանվում է հեռախոսային օպերատորների մոտ, օպերատորներն ունեն ամբողջական այդ ինֆորմացիան` անձնավորված, և շատ երկար ժամանակի համար, ինչպես նաև ունեն տվյալ հեռախոսի հետ կապված հեռախոսազանգերի ամբողջական ցանկը, մեզս տալու են մեկ, բայց շատ կարևոր հնարավորություն` տեղորոշել այն անձանց, ովքեր որ շփվել են վարակակրի հետ»,-ասաց փոխվարչապետը:
Փոփոխությունների արդյունքում, երբ Համաճարակների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տվյալ լինի, որ որևէ անձ վարակակիր է, համակարգն ավտոմատ կերպով վերլուծելու է տվյալ անձի վերջին 14 օրերի հեռախոսազանգերը, տեղադիրքերը:
«Համակարգը, տվյալները համակցելով իրար, տալիս է ամենահավանական անձանց շրջանակն, ովքեր վարակակրի հետ ունեցել են շփում: ԱԻՆ աշխատակիցը զանգահարելու է տվյալ անձին և րոպե առաջ տեղեկացնի, որ տվյալ անձն ամենայն հավանականությամբ շփվել է վարակակրի հետ»,-ասաց նա:
Ավինյանի համոզմամբ` Հայաստանի հանրությունն իրավունք ունի րոպե առաջ իմանալ վարակակիր անձի հետ շփման վերաբերյալ:
Մեկնաբանել