
ԱԺ պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Ազգային ժողովի պատգամավորները կորոնավիրուսի թեստ են հանձնելու «հերթական կանխարգելիչ միջոցառումների շրջանակում»:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը: Ըստ Armlur.am-ի կայքի` ԱԺ աշխատակազմում կա վարակիր անձ, և դա է պատճառը, որ պատգամավորները թեստ են հանձնելու, խորհրդարանից, սակայն այս տեղեկությունը հերքում են` պնդելով, որ վարակակիր լինելու մասին առաջինն իրենք կհայտնեն: Մինասյանի խոսքով` դա թաքցնելն անհնար է:
«Արցախ գնալուց առաջ էին թեստավորվել, քանի որ դիտորդի կարգավիճով պետք է մասնակցեին ընտրություններին: Այս ժամանակ պատգամավորների մի մասը թեստավորվել է: Իսկ այս դեպքն ուղղակի կանխարգելիչ միջոցառում է, որպեսզի խորհրդարանը կարողանա իր աշխատանքները շարունակել»,-ասաց Մինասյանը:
Մեր հարցին` կանխարգելիչ միջոցառումների շրջանակում միայն պատգամավորներն են թեստեր հանձնելու, թե նաև ամբողջ աշխատակազմը, Մինասյանն արձագանքեց` այս պահին միայն պատգամավորները:
«Աշխատակազմում հերթապահությամբ են գալիս աշխատակիցները, ամբողջ կազմով աշխատակազմը չի աշխատում»,-ասաց Մինասյանը:
Պատգամավորների թեստավորման օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նախորդ թեստավորման արդյունքներով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պատգամավորների շրջանում վարակակիրներ չկան:
ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը ևս գրառմամբ հայտնել է, որ խորհրդարանի աշխատակազմում վարակակիրներ չկան:
Մեկնաբանել