HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչպե՞ս է վիրուսակիր անձը հայտնվել «Գյումրի» ԲԿ-ում, և ինչո՞ւ է մեկուսացված բուժաշխատողների թիվը մեծ

Գյումրու բժշկական կենտրոնի 430 աշխատակիցներից 29-ը ներկայում մեկուսացված են Գյումրու հյուրանոցներից մեկում՝ կորոնավիրուսով հիվանդի հետ շփման պատճառով: Մեկուսացվածների մոտ առողջական վիճակի վատթարացում, ջերմություն, հազ և կորոնավիրուսին բնորոշ ուղեկից այլ ախտանշաններ չեն հայտնաբերվել: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, մեկուսացման 14 օրը լրանալուն պես կանեն թեսթավորում, և եթե որևէ մեկի մոտ կորոնավիրուս չհայտնաբերվի, ապա բոլորը կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին:

Ինչպե՞ս է հայտնվել վիրուսակիր անձը բազմապրոֆիլ հիվանդանոցում, այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվել էր, որ նման խնդիրներով անձանց ընդունելու է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, իսկ բուժումն իրականացվելու է Երևանում: «Տղամարդը, ծնված 1952թ.-ին, Մարալիկ քաղաքի բնակիչ է, ունեցել է ջերմություն, թոքաբորբի հետ կապված բողոքներ և դիմել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այնտեղ փորձել են պարզել տղամարդու շփման շրջանակը: Տղամարդը հայտնել է, որ արտերկրից եկած որևէ մեկի հետ չի շփվել, վիրուսակրի հետ չի շփվել, արտերկրում չի եղել: Դրանից հետո հիվանդին ուղղորդել են մեզ մոտ՝ պատճառաբանելով, որ սովորական թոքաբորբ է և չունի էպիդ անամնեզ,- պարզաբանում է Գյումրու ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը,- մենք մեկ անգամ ևս ինֆեկցիոնի հետ հեռախոսով ճշտել ենք ողջ ինֆորմացիան, նոր ընդունել ենք հիվանդին»:

Հիվանդը բժշկական կենտրոն ընդունվել է ապրիլի 1-ին: Հիվանդանոցում գտնվելու 3-4 օրերի ընթացքում իրականացվել է մի քանի հետազոտություն՝ ԿՏ (համակարգչային շերտագրություն), ռենտգեն հետազոտություն և այլն: «Տղամարդն ուներ դիաբետ, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, թոքաբորբ, այսինքն՝ կարիք կար համակողմանի բուժզննության: Ինքն ընդունվել է հիվանդանոց, իր հետ արդեն իսկ երեք բուժաշխատող շփում է ունեցել, հետո տեղափոխել են հիվանդասենյակ, այնուհետև իրականացրել են համալիր բուժզննում, դրա համար էլ ոչ թե 3-4, այլ էնքան բուժաշխատող հայտնվել է վտանգի գոտում, որոնք որ իրենց հասանելիք աշխատանքն են կատարել: Մենք մեկուսացրել ենք մեր այն աշխատակիցներին, որոնք 1-1,5 մետր հեռավորության վրա շփվել են հիվանդի հետ»:

Երևան տեղափոխելուց եւ թեսթավորելուց հետո Մարալիկի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Հիվանդը գտվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «Ի սկզբանե հայտարարվեց, որ մեր կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների բուժում չի իրականացվելու և նման կասկածներով հիվանդներին էլ ընդունելու է Գյումրու ինֆեկցիոնը: Մենք արտակարգ դրություն հայտարարելուց հետո դադարեցրել ենք բոլոր պլանային վիրահատությունները, իրականացնում ենք միայն անհետաձգելի դեպքերը: Խստացվել է բուժվող հիվանդներին այցելության կարգը: Ներկայում կենտրոնում 67 հիվանդ է բուժվում,- ասում է Արմեն Իսահկյանը,- այս դեպքից հետո որոշում է կայացվել, որ թոքաբորբի բոլոր դեպքերը՝ մինչև չթեսթավորվեն, մինչև չլինեն հստակ պատասխաններ, հիվանդանոց չենք ընդունելու»:

Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է վարակվել մարալիկցի տղամարդը, առայժմ պարզ չէ: Նրա ընտանիքի անդամներին մեկուսացրել են, ճշտվում են նաև ընտանիքից դուրս տղամարդու ունեցած շփումների այլ շրջանակը, քանի որ, ըստ տեղեկությունների, մինչև հիվանդանոց դիմելը, տղամարդը հասցրել է մասնակցել հուղարկավորության արարողության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter