HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Միրիկ գյուղի բնակիչը ժամանել է Արցախ մարտի 30-ին, նրան մեկուսացրել են ապրիլի 2-ին

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Այսօր այդ կապակցությամբ տեղի է ունեցել ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ ապրիլի 6-ին, կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից»,- ասվում է  Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունում:

Այսօրվա մամուլի ասուլիսին պետնախարարն ասաց, որ այդ անձը եկել է Հայաստանի Արտաշատի շրջանից մարտի 30-ին. «Խոսքը Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1957 թվակնին ծնված Միրիկ համայնքի բնակչի մասին է»:

Ստացվում է, որ Միրիկ գյուղի բնակիչը ժամանել է Արցախ մարտի 30-ին, որին մեկուսացրել են ապրիլի 2-ին, իսկ փորձանմուշն ուղարկել են ապրիլի 6-ին: Պետնախարարն ասաց, որ Միրիկ համայնքի բնակիչների համար մեկուսացման ռեժիմ է հայտարարվել, և նրանց հետ բացատրական աշխատանքներ են անցկացվում:

Իսկ ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ասաց, որ տեղում բուժելու հնարավորություն ունենք. «Բայց քանի որ սա առաջին դեպքն է, Հայաստանյան գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ռիսկային խմբում գտնվելու պատճառով նրան տեղափոխենք Հայաստանի Հանրապետություն»:

«Հետքը» նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանից հարցրեց, թե արդյո՞ք վարակված անձը մասնակցել է մարտի 31-ին կայացած ԱՀ համապետական ընտրություններին:

«Անկեղծ ասած, տեղյակ չեմ: Քանի որ վարակվածի շփման ամբողջ շրջանակը պարզվում է, ամբողջական տեղեկություն ունենալու դեպքում՝ ձեզ կասենք: Այս պահին առանձնացրել ենք նրա հարևաններին, ընտանիքի անդամներին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

 

Լուսանկարը` Միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter