
Ֆինանսների նախարար. «2020-ին ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով»
Խորհրդարանը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը:
Նախարարի խոսքով` ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում համավարակի ֆինանսական և տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով բյուջեի նախագծում փոփոխություն է առաջարկվում, որպեսզի հնարավորություն լինի հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք ծառայեցնել տնտեսական հետևանքների մեղմանը, հետագայում նաև տնտեսության վերականգնմանը:
«Նախնական հաշվարկներով մոտ երկու տոկոս անկում կունենանք: 2020 թվականի բյուջեով 4,9 տոկոս աճի կանխատեսում կար, իսկ առաջարկվող նախագծով երկու տոկոս անկում կունենանք»,- ասաց նախարարը:
Ֆինանսների նախարարի ներկայացմամբ` տնտեսական անկման պայմաններում 2020-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով:
«Մոտ 150 միլիարդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական միլիարդ դրամ ենթադրվում է պայմանական օգտագործել տնտեսական և սոցիալական խնդիրների մեղման նպատակով, մոտ 80 միլիարդ դրամ տնտեսական երկարաժամակետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար և քսան միլիարդ դրամ` պահուստային միջոցներն ըստ անհրաժեշտության վերաբաշխելու համար»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով` ըստ այս սցենարի` արտաքին պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 միլիարդ դրամ: Եւ ըստ դրա` պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 5.0 %-ի:
Ըստ Ջանջուղազյանի` արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել հայաստանյան տնտեսության վրա:
«Եթե արտաքին ցնցումներին անդրադառնանք, ապա ակնհայտ է, որ գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղում է, և կանխատեսվում է համաշխարհային տնտեսության անկում, այն գնահատվում է շուրջ երեք տոկոս: Սա չի կարող անհաղորդ մնալ Հայաստանի տնտեսության վրա: Մետաղների համաշխարհային գների անկումը ևս իր ազդեցությունն ունի որպես արտաքին ցնցում, նավթի համաշխարհային գների անկումը, հաշվի առնելով սերտ և ռազմավարական նշանակության համագործակցությունը Ռուսաստանի հետ, նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, այն ևս չի կարող ազդեդություն չունենալ»,- ասաց Ֆինանսների նախարարը:
Նախարարի խոսքով` ցնցումների շարքում պետք է դիտարկել նաև զբոսաշրջության անկումը, ինչպես նաև տրանսֆերտների կրճատումը:
Նախարարը որպես տնտեսական բացասական ազդեցություն որակեց նաև ներքին սահմանափակումները, տնտեսական որոշ գործունեության տեսակների սահմանափակումները, մեկուսացման և կարանտինի համար հատկացվող միջոցները:
Մեկնաբանել