HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՀ քաղաքացիների մի մասը Մոսկվայից վերադառնում է Երեւան

Քիչ առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան ուղղություն է վերցրել ռուսական «Red Wings» ավիաընկերության «Airbus A321» օդանավը, որը Ռուսաստանից տարհանում է մեր հայրենակիցներին: Չնայած թռիչքը նախատեսվում էր Երեւանի ժամանակով 16:40-ին, այն կայացավ ուշացումով՝ 17:31-ին: 

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանն ամբողջությամբ փակեց միջազգային ավիահաղորդակցությունը, մեր բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին Հայաստան վերադառնալու հնարավորությունից: Այդուհանդերձ, ինչպես հայտնել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, «Red Wings»-ը ձեռք էր բերել Հայաստան մեկնելու մեկանգամյա թույլտվություն, եւ այսօր չվերթը կայանում է: Ըստ դեսպանության՝ Երեւան է տեղափոխվում 220 քաղաքացի: 

ՀՀ դեսպանությունը ապրիլի 4-ին հայտնել էր, որ ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000-ը: «Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել եւ տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող եւ բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները եւ այլք»,- հայտնել էր դիվանագիտական կառույցը: Առայժմ հստակ ինֆորմացիա չկա հնարավոր երկրորդ չվերթի կայացման մասին։ 

«Հետքը» երեկ անդրադարձել էր դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին: 

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից, այսօր «Դոմոդեդովո» օդանավակայան են ժամանել դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը, դեսպանության ներքո ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Ա․ Լալայանը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Է․ Արեւշատյանը, ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Ա․ Ղազարյանը։ Դեսպան Տողանյանը պատասխանել է ՀՀ քաղաքացիների հարցերին:  

Հայաստան վերադառնալուց հետո մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter