HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստան վերադառնալու սպասումով. ինչպես են Մոսկվայի օդանավակայանում իրենց օրերն անցկացրել հայերը

Գայանե Ստեփանյանը մարտի 13-ին աշխատելու նպատակով մեկնել էր Մոսկվա։ Որպես խոհարար երեք օր աշխատել է մետրոներից մեկի հարևանությամբ գործող սննդի կետում։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ օրեր անց աշխատավայրը փակվել է։ Գայանե Ստեփանյանի գործատուն նրա համար վարձակալած բնակարանը որոշել է հանձնել։ Գայանեն Մոսկվայում բարեկամ չուներ, որպեսզի օգնություն կամ ժամանակավոր բնակության վայր խնդրեր։ Ստիպված հասել է օդանավակայան:

«Մի շաբաթից ավելի «Դոմոդեդովո» օդանավակայանում էի, որովհետև մնալու ուրիշ հնարավորություն չունեի։ Կծկված նստած եմ եղել պայուսակիս վրա։ Չգիտեի՝ ինչ անեի, ինքս ինձ չէի ճանաչում։ Որովհետև ո´չ գումար ունեի, ո´չ վերադառնալու հնարավորություն։ Օդանավակայանում մի պահ հանեցին դուրս, չէին թողնում օդանավակայանում մնայինք։ Դրսում՝ ցուրտ։ Բայց հայտնվեց մեր դեսպանատունը, մեծ աջակցություն ցուցաբերեց ու տեղափոխեց հյուրանոց»,- պատմում է Գայանե Ստեփանյանը։ Նա Մոսկվայից հատուկ չվերթով վաղը Հայաստան վերադարձողներց մեկն է:

Ապրիլի 6-ին կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան են վերադառնալու բացառապես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի քաղաքացիները: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը երեկ տեղեկացրեց, որ շարունակում են իրականացնել աշխատանքներ` դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման թույլտվություն ստանալու համար։

«Ստիպված եկա «Դոմոդեդովո» օդանավակայան։ Ընդհանարապես վաճառքի տոմս չկար, երեխաներն ու ծերերը՝ նստարաններին նստած, փող չունեին։ Մի խոսքով՝ շատ սարսափելի կարգավիճակ: Շնորհակալ եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն ու այն հայ բարերարներին, ովքեր այս օրերին մեզ աջակցեցին»,- պատմում է Գայանե Ստեփանյանը։

Երեկ դեսպանատան ջանքերով օդանավակայանում մնացած շատ այլ հայեր տեղափոխվել են Մոսկվայի «Պրինց պլազա» հյուրանոց։ Կացությունն ու սննդի ապահովումը հոգում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Նրանք սպասում են հատուկ չվերթներով Հայաստան վերադառնալուն։ 

Մոսկվայի «Պրինց պլազա» հյուրանոցում ժամանակավոր բնակության հնարավորություն է ստացել Հովհաննես Առաքելյանը։ Նա մարտի սկզբներին Հայաստանից մեկնել էր Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք՝ առևտրով էր զբաղվում:

Հովհաննես Առաքելյանը երեք օր առաջ Պյատիգորսկից հասել է «Դոմոդեդովո» օդանավակայան՝ Հայաստան վերադառանալու ակնկալիքով։ Այդ օրերն անցկացրել է օդակայանում՝ սպասելով, որ տոմսարկղը բացվի, Հայաստան վերադառնալու տոմս գնի։

«Հայաստան վերադառանալու իմ միակ հույսը Մոսկվայից էր։ Շնորհիվ այս օրերին հայերի խնդիրները կարգավորող Մարիամի և Էդգարի, ես երեկվանից նորմալ պայմաններում եմ մնում։ Մինչ այդ օդավակայանում էի, սպասողական վիճակում՝ սպասելով, որ հեսա տոմսարկղը կբացվի, տոմս կառնեմ, հետ կգամ»,- պատմում է նա։

Հովհաննես Առաքելյանը չի հասցրել վաղը Հայաստան ժամանող հատուկ չվերթի տոմս գնել։ Նրան խոստացել են, որ Մոսկվայից ապրիլի 7-ին կազմակերպվելու է հատուկ չվերթ, և ապրիլի 6-ի չվերթից դուրս մնացած հայերն այդ չվերթով կմեկնեն։

Հովհաննես Առաքելյանն ասում է՝ ապրիլի 6-ին տոմս գնելու առաջնահերթությունն իրենց որոշմամբ տվեցին տարեցներին, կանանց և երեխաներին։ Պատմում է, որ 200-ից ավելի հայեր օրեր շարունակ «Դոմոդեդովո» օդանավակայանում էին՝ սպասելով Հայաստան վերադառանալուն։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը երեկ հայտնեց, որ ապրիլի 6-ին «Դոմոդեդովո» օդակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը նախատեսված են 220 ուղևորի համար, այնինչ ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցել է 2000-ը։

Նշենք, որ Հայաստան վերադարձող Հայաստանի քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. նրանք օդակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Լուսանկարները՝ Մարիամ Հովսեփյանի

Մեկնաբանություններ (1)

Ջավոյան Իշխան
Բարև Ձեզ Ես գյուղաբնակ եմ և ունեմ վարկային պատմություն. Զբաղվում եմ անասնապահությամբ գնում եմ սար ուզում եմ ավելացնել անասուներ: ուզում եմ օգտվել 0% վարկից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter