HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հակոբ Արշակյան. «Հայաստանը թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման ներուժ ունի»

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ տարբեր տեղերից հավաքագրվել և նախարարությանն է տրամադրվել թոքերի արհեստական օդափոխության 10 սարք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման.

«Անհրաժեշտության դեպքում սարքերը մենք կարող ենք տրամադրել Առողջաապահության նախարարությանը, հավաքագրման գործընթացը շարունակական բնույթ է կրում, ամեն օր մենք զանգեր ու նամակներ ենք ստանում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր, սենսորներ, որոնք կգնահատեն հիվանդի վիճակն ու կգործեն ըստ դրա. սարքերը պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնեն, կամ գործեն. «Սարքը միայն պոմպի դեր չի կատարում, այսինքն՝ այն միայն օդ չի մղում թոքեր, այլ փոխարինում է ամբողջ շնչառական համակարգին։ Այդպիսի սարքերի նախագծումը բավականին բարդ պրոցես է»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանում գործող ինժեներական ընկերությունները, համալսարաններն ու գիտահետազոտական կենտրոնները պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման նախագծին։

Թոքերի արհեստական օդափոխության ապարատի նախատիպի պատրաստումը կտևի մի քանի ամիս, Հակոբ Արշակյանի խոսքով՝ շնչառական սարքավորումների որոշակի խմբաքանակ գնվել և տեղափոխվում է Հայաստան։ Շուկայում արտադրելը բավական բարդ է, որոշ ընկերություններ վերապրոֆիլավորվում են ու փորձում արտադրել, բայց Հայաստանը ևս ունի ներուժ սարքավորումները ստեղծելու համար։

«Շնչառական ապարատներ ստեղծելու ներուժ կա Հայաստանում: Այլ հարց է դրանց սերտիֆիկացումը, որը բավական բարդ պրոցես է: Աշխարհում շնչառական սարքավորումների պահանջ կա, ունենք հնարավորություն ստեղծելու ինքներս, հուսամ կիրագործվի բարձր ու պատշաճ մակարդակով»,- ասում է նախարարը։

Ըստ Հակոբ Արշակյանի՝ սա լավ հնարավորություն է, որ բժշկական սարքաշինության ոլորտում Հայաստանը առաջ գնա, քանի որ շնչառական սարքերի արտադրությունը սպեցիֆիկ ուղղություն է։

Նա նաև նշեց, որ կորոնավիրուսի հետևանքները զսպող պլատֆորմների գաղափարների դրամաշնորհային մրցույթ էր հայտարարվել՝ 4 հիմնական լոտերով՝ 2 մլն, 3 մլն, 5 մլն և 10 մլն դրամի ֆինանսավորման համար: Մասնակիցները իրենք էին որոշում, թե դրամաշնորհներից որով իրենց գաղափարը կյանքի կկոչվի։ Ընդհանուր առմամբ ստացվել է 133 հայտ։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն այսօր կամ վաղը։ Հավելվածների հիմնական ուղղվածությունը վերաբերում է Էլեկտրոնային առևտրին, մարդկային տեղաշարժի վերահսկողությանն ու ծերերի և խոցելի խմբերի օգնությանը։

Նախարարի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրերը կրելու են շարունակական բնույթ։ Այս տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 930 մլն դրամ։

Խոսելով ռազմարդյունաբերության ոլորտի մասին՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ համալիրը շարունակում է իր աշխատանքը.

«Ռազմարդյունաբերությունը տնտեսության այն բացառիկ ոլորտներից է, որ իր ամբողջ թափով և հզորությամբ շարունակում է իր աշխատանքը, գործարանները իրենց պատվերների շրջանակներում գործում են»,- եզրափակեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter