HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով մեկ տարով հետաձգվել են Ամառային օլիմպիական խաղերը

Կորոնավիրուսի համավարակի արագ տարածման տեմպերի պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է մեկ տարով հետաձգել այս տարի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերը։ Ավելի վաղ, խաղերի հետաձգման կոչով հանդես էին եկել բազմաթիվ երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ։ Որոշումը կտարածվի նաև պարաօլիմպիական խաղերի վրա։

Ամառային օլիմպիական խաղերի հետաձգման լուրը պաշտոնապես հայտնել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։ Նման որոշում կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, որը կայացել է այսօր՝ մարտի 24-ին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Աբեն հույս է հայտնել, որ օլիմպիական խաղերը կկայանան հաջորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Բացի այդ, նա վերահաստատել է նաև այն միտքը, որ հաջորդ տարի օլիմպիական խաղերն ընդունող երկիրը դարձյալ կլինի Ճապոնիան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի շարք երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ, այդ թվում նաև` Գերմանիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կոչ էին արել Միջազգային օլիմպիական կոմիտեին հետաձգել օլիմպիական խաղերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեին մի շարք մարզիկներ մեղադրել էին «անպատասխանատու վարքագծի» մեջ։ Ավելի ուշ, «Reuters» գործակալության երկու աղբյուրներ, որոնք աշխատում էին Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեում, հայտնել էին, որ հրահանգ են ստացել ճապոնական իշխանություններից՝ ուսումնասիրել օլիմպիական խաղերի հետաձգման հնարավոր տարբերակները։

Լուսանկարը՝ tokyo2020.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter