
Կորոնավիրուսի մասին քննարկում` Կառավարության արտահերթ նիստում
Կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկելու է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3 փաթեթ։
Մինչ օրակարգին անցնելը վարչապետը խնդրեց Արսեն Թորոսյանին ներկայացնել կորոնավիրուսի մասին վերջին վիճակագրությունը։
Առողջապահության նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ ունենք 482 հաստատված դեպք, 58-ը՝ վերջին օրվա ընթացքում։ 58-ից 25-ն ի սկզբանե եղել են հատուկ պահման վայրերում, շփման շրջանակ չեն ունեցել։ 31-ը, որոնց մեջ կան նաև բուժաշխատողներ, ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, շփվել են հաստատված դեպքի հետ, միայն 2-ն են, որ նոր` արտերկրից բերովի դեպքեր են, որոնց շփման շրջանակը պարզվում է։
Վարչապետը հետաքրքրվեց նաև հիվանդների վիճակով։
«Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր, սակայն կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, հնարավոր է՝ արհեստական օդափոխության սարքն անջատենք, և պացիենտը ինքնուրույն շնչի, և ևս երկու ծանր, որոնք գնահատում էինք, որ հնարավոր է դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,- նշեց նախարարը։
Պաշտպանության նախարարն էլ հայտնեց, որ մեկուսացումից, ինքնամեկուսացումից և վերաստուգվելուց հետո տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։
Վարչապետ Փաշինյանը ցավակցեց շաբաթ օրը մահացած 2 հիվանդների հարազատներին և նշեց, որ երկուսն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ։ Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, մյուսը նույնպես ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ։
Մեկնաբանել