
Մարտի 14-ից մինչև օրս հայրենիք է վերադարձել Հայաստանի մոտ 22 հազար քաղաքացի
Մարտի 14-ից մինչև օրս հայրենիք է վերադարձել Հայաստանի Հանրապետության մոտ 22 հազար քաղաքացի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ընդգծելով, որ երկրների աշխարհագրությունը շատ լայն է: Նրա խոսքով՝ ապրիլի 21-ի դրությամբ Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել ևս 1283 քաղաքացի:
Ըստ փոխարտգործնախարարի՝ իրենց վերադարձին սպասող և արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները փորձում են ապահովել ժամանակավոր կեցավայրով, որպեսզի այդ շրջանը քաղաքացիները նորմալ պայմաններում անցկացնեն:
«Մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցներին վերադարձնենք Հայաստան: Որևէ այլ միջամտում, բացի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից, չի կարող լինել արդյունավետ, և չի կարող օգնել կամ արագացնել ՀՀ քաղաքացու վերադարձը Հայաստան»,- նշեց Ավետ Ադոնցը:
Անդրադառնալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած Հայաստանի քաղաքացիներին՝ Ավետ Ադոնցը վստահեցրեց, որ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ բոլոր քաղաքացիների տեղափոխումը կկազմակերպվի: «Դոմոդեդովո»-ից ՀՀ քաղաքացիների դուրսբերման մասին փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն տվյալ երկրի կառավարության սահմանած պահանջներին:
«Ռուսաստանում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիները ունենում են ժամանակավոր կեցավայր՝ մինչև որ չկայանա նրանց վերադարձը իրականացնող թռիքչը: «Դոմոդեդովո»-ում հավաքվելու կարիք չկա: Կոչ եմ անում համագործակցել մեր դեսպանության հետ: Մեր աշխատանքները ընթացքում են, և եթե երեկ ու նախորդ օրն ունեցանք վերադարձի թռիչքներ Կրասնոդարից և Ռոստովից, ապա մոտ օրերս կլինեն նաև Ռուսաստանի այլ քաղաքներից՝ Մոսկվայից, և այլն»,- ասաց Ավետ Ադոնցը:
Հարցին, թե Հայաստանի արտգործնախարարության, դեսպանությունների և հյուպատոսարանների աշխատակիցների շրջանում վարակման դեպքեր եղե՞լ են, Ավետ Ադոնցը բացասական պատասխան տվեց:
Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց նաև, որ այս պահին իրականացվում է 6 միլիոն դոլար բյուջե ունեցող ծրագիր՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից:
«Հայաստան կբերվեն ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված նոր տիպի մոտ 2000 թեստեր, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»,- ասաց փոխարտգործնախարարը:
Մեկնաբանել