
Թեստավորված 263 անձանցից 11-ը կորոնավիրուսով են ախտորոշվել, արձանագրվել է մեկ վարակակրի մահ. վարչապետը ներկայացրեց վերջին լուրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերը սկսեց մեկ լավ, մեկ վատ լուրով: Լավ լուրն այն էր, որ թեստավորում անցած անձանց շրջանում երեկ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ դինամիկան նվազել է: Ցավոք, արձանագրվել է նաև վարակակիր անձի մահ, որն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ:
«Երեկ ունեցել ենք թեստավորման 263 դեպք, դրական է եղել ընդամենը 11-ը, սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է: Նախկինում էլ օրեր ենք ունեցել, երբ անկում է եղել նախորդ օրվա համեմատությամբ, բայց հաջորդ օրը թվերն աճել են: Այս լուրի գնահատականն ամբողջական տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կունենանք վաղն առավոտյան, քանի որ գիշերը ևս թեստավորում է արվելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` ապրիլի 3-ին էլ, օրինակ, 253 հետազոտություն է արվել, որից դրական է եղել 34-ը:
«Եթե համեմատենք այս երկու ցուցանիշները` 263 և 253, ապա դրական դինամիկայի տեմպի երեք անգամ նվազում ունենք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` եթե դրական դինամիկան վաղն էլ նվազած լինի, ապա կնշանակի, որ պարետատան կատարած սահմանափակումների միջոցառումները սկել են դրական արդունք տալ:
«Սա նշանակում է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն ինքներս պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ հաջորդ երկուշաբթի օրվանից սկսենք ռեժիմների թուլացումը»,- ասաց նա:
Անդրադառնալով արձանագրված մահվան դեպքին Փաշինյանն ասաց.
«68 տարեկան մեր հայրենակիցն ունեցել է երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբ, նաև շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` իշեմիկ տիպի… Այս դեպքում գործ ունենք այն երևույթի հետ, երբ խրոնիկ հիվանդություններն իրենց սև գործն անում են: Ուզում եմ ցավակցել մեզ բոլորիս ու մահացած մեր հայրենակցի հարազատներին»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ այսօր երեկոյան ֆեյսբուքով պատասխանելու է քաղաքացիների հարցերին, որոնց մասին նախապես հայտարարել էր: Փաշինյանը պատասխանելու է այն հարցերին, որոնք ամենաշատն են հավանում ունեցել:
Մեկնաբանել