
«Զվարթնոցն» ու «Շիրակը» նախորդ տարվա համեմատ նահանջ են գրանցել առաջին եռամսյակում
Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի պանդեմիան ազդել է պետությունների տնտեսության բոլոր ճյուղերի վրա, սակայն ավիացիան, որը մարդկանց տեղաշարժից կախում ունեցող ոլորտ է, համավարակից ամենաշատը տուժած բնագավառներից է:
Հայաստանի 2 միջազգային օդանավակայաններից Երեւանի «Զվարթնոցը» իր վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը զգացել է մարտ ամսին, իսկ մինչ այդ՝ հունվար-փետրվարին, օդանավակայանում ուղեւորահոսքի դրական աճ է եղել 2019 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ընդ որում՝ մարտին գրանցված անկումն այնքան զգալի է եղել, որ «չեզոքացրել է» հունվար-փետրվարի աճը: Այլ կերպ ասած՝ 2020 թ. առաջին եռամսյակի տվյալները «Զվարթնոցում» նահանջային են եղել 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Ներկայացնում ենք կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տրամադրած տվյալները առաջին եռամսյակում «Զվարթնոցի» ու «Շիրակի» հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ:
Ինչպես բազմիցս նշել ենք, փետրվարը միշտ էլ եղել է անկումային ամբողջ տարվա կտրվածքով, սակայն մարտից սկսած աճ է գրանցվել: 2020 թվականն այս առումով բացառիկ է, քանի որ մարտ ամիսը գերազանցել է փետրվարի ավանդական «հակառեկորդը»: Սա հետեւանք է մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության եւ դրանից առաջ ու հետո արտասահմանյան ու տեղական փոխադրողների չվերթների դադարեցման:
Ահա «Զվարթնոցի» ուղեւորահոսքը 2014-2020 թթ. առաջին եռամսյակներում: Տեսնում ենք, որ տարին հաջող էր սկսվել, սակայն մարտի ցուցանիշը, որն իջնելով գրեթե հավասարվել է 2015 թ. մարտի տվյալին, «փչացնում է» պատկերը:
Մտահոգիչն այն է, որ առաջիկայում այս անկումը շարունակվելու է, քանի որ ընդհանրապես համաշխարհային ավիացիան ծանր օրեր է ապրում ներկայում:
Համեմատելով 2019 եւ 2020 թթ. առաջին եռամսյակները՝ նշենք, որ նախորդ տարվա հունվար-մարտին «Զվարթնոցից» օգտվել է 546.227 ուղեւոր, իսկ այս տարի՝ 526.710 հոգի, անկումը՝ 19.517 մարդ կամ 3,6 %:
Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա այս օդանավակայանի կորը եւս խիստ իջել է մարտ ամսին: Գյումրու օդային դարպասները 2019 թ. հունվարի համեմատ այս տարի անկումով էին սկսել, սակայն փետրվարին ինչ-որ չափով հետ են բերել «կորցրածը»: Դե իսկ մարտին գրանցվել է վերջին երեք տարիների ամենացածր ցուցանիշը:
2019 թ. առաջին եռամսյակում «Շիրակից» օգտվել էր 32.348 ուղեւոր, իսկ այս տարի՝ 27.533 հոգի, անկումը՝ 4815 մարդ կամ 14,9 %: «Շիրակի» միակ «հաճախորդը» մինչեւ հիմա ռուսական «Պոբեդան» է: Չնայած այս տարի նախատեսվում է, որ իռլանդական «Ryanair»-ը Գյումրուց դեպի Մեմինգեն եւ Աթենք նոր չվերթներ է բացելու, կորոնավիրուսի պանդեմիան կարող է փոխել ծրագրերը: Այլ կերպ ասած՝ «Շիրակի» անկումը, ինչպես «Զվարթնոցի» պարագայում, ենթադրաբար դեռ շարունակվելու է:
Բեռնափոխադրումների ոլորտում պատկերն այսպիսին է. «Շիրակով», ինչպես եւ անցյալ տարի, այս տարվա առաջին եռամսյակում բեռ չի տեղափոխվել: Ընդգծենք, որ ամբողջ 2019 թվականի ընթացքում բեռնափոխադրումն ու փոստի առաքումը «Շիրակում» եղել է 0 տոննա:
«Զվարթնոցով» 2020 թ. հունվար-մարտին տեղափոխվել է 4232 տ բեռ: Անցյալ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 3393 տ:
Բնականաբար, ուղեւորահոսքի պակասը հետեւանք է առաջին հերթին չվերթների նվազման: Այդուհանդերձ, ի տարբերություն ուղեւորափոխադրման սեգմենտի, նույն «Զվարթնոցում» թռիչք-վայրէջքների մարտյան անկումը չի կարողացել հանգեցնել նրան, որ հետընթաց գրանցվի 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ. կա փոքր աճ: Այսպես՝ թե՛ հունվարին, թե՛ փետրվարին Երեւանի օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները 2019 թ. առաջին ամիսների համեմատ ավելի շատ են եղել, սակայն մարտին գրանցվել է 23 % անկում: Ի վերջո, այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոցում» կատարվել է ընդհանուր 5293 հատ թռիչք եւ վայրէջք, իսկ 2019-ին՝ 5138, աճը՝ 3 %:
«Շիրակում» եւս հունվարին ու փետրվարին աճ է եղել անցյալ տարվա համեմատ, բայց մարտ ամսվա 38,2 % անկումը բացասական հետեւանքներ է ունեցել ամբողջ եռամսյակի վրա. 2020 թ. առաջին եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ «Շիրակում» գրանցվել է թռիչքների ու վայրէջքների 5,3 % նվազում (178-ը 188-ի դիմաց):
Եթե «Զվարթնոցի» ու «Շիրակի» ցուցանիշները գումարենք իրար, ապա կարող ենք ասել, որ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրում օդային ուղեւորահոսքը (554.243 մարդ) 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվածի (578.575) համեմատ նվազել է 24.332 հոգով կամ 4,2 %-ով:
Ինչ վերաբերում է չվերթներին, ապա 2020 թ. առաջին եռամսյակի ցուցանիշը (5471 հատ թռիչք եւ վայրէջք) 2019-ին արձանագրվածի (5326) համեմատ ավել է եղել 145-ով կամ 2,7 %-ով:
Տես նաեւ՝
- 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
- Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հետընթաց է գրանցել նախորդ տարի
Մեկնաբանել