HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԻՆ-ի ծառայողներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

«Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում։ Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեկուսացված են։ Մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտում»,- քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

Նա ընդգծեց, որ ծառայության աշխատակիցները շփվում են քաղաքացիների հետ, հնարավոր է դառնան վիրուսակիր, այդ իսկ պատճառով նախարարությունը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր ստորաբաժանումում օրական 2-3 անգամ ջերմաչափում են աշխատակիցներին, աշխատանքային տարածքները վարակազերծվում են։

Գաբրիելյանի փոխանցմամբ՝ բոլոր մարզերում գործի են դրվել արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ, գործում են մշտական հանձնաժողովներ, ստեղծվել են օպերատիվ շտաբներ՝ մարզպետների գլխավորությամբ։

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ փորձում են ծառայության բոլոր ստորաբաժանումները պահել պատրաստ վիճակում, քանի որ համաճարակների ժամանակ կարող են լինել նաև տարերային և տեխնածին աղետներ։

Բոլոր մարզերում, յուրաքանչյուր ջոկատում հինգ հոգուց բաղկացած վարակազերծման խմբեր են ստեղծվել։ Նրանք գործելու են, երբ առկա ուժերը չեն բավարարի։ «295 հոգի պատրաստված մարդիկ ունենք, որոնք հրահանգները ստացել են, պատրաստվել են։ Նրանք բոլորն ունեն համապատասխան համազգեստ, անհատական պաշտպանության միջոցներ և անհրաժեշտության դեպքում կկարողանան արձագանքում կազմակերպել»,-ասաց Վրեժ Գաբրիելյանը։

Արտակարգ դրության օրերին արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծը ստացել է շուրջ 500 ահազանգ, որից 286-ը պայմանավորված է եղել կորոնավիրուսով։ Մնացածը վերաբերել են ջերմությանը, Իրանից, Իտալիայից եկած քաղաքացիների հետ շփվելուն։ Այս մասին հավելեց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ վարչական շրջանների աշխատակիցների հետ համատեղ այս օրերին նաև իրականացրել են ախտահանման աշխատանքներ։

«Վաղը առավոտյան` 06:00-ից, օրը երկու անգամ ողջ հանրապետության տարածքով հանրային տարածքներում, մասնավորապես՝ կանգառներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- նշեց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Այս օրերին ԱԻՆ-ին պատկանող ավտոբուսներով և շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել կամ մեկուսացվել է նաև կորոնավիրուսով վարակվածների հետ շփված շուրջ 400 անձ։

Արմեն Հարությունյանը նշեց, որ ՓԾ-ն հոգեբանական ծառայություն է ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներին, նրանց ընտանիքի անդամներին, ահազանգողներին։ Հարությունյանն ասաց՝ եթե հոգեբանական աջակցությունը հնարավոր է լինում կազմակերպել հեռավար կերպով, կազմակերպում են այդ եղանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter