
Փոխարտգործնախարար. «ՀՀ քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ»
Արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
«Առաջինը՝ այդ երկրում այն կարանտինային ռեժիմը, որը սահմանափակում է ազատության աստիճանը: Երկրորդը՝ առողջապահական ռիսկերը, և երրորդը, իհարկե, օդային հաղորդակցության հետ կապված սահմանափակումները: Դրա համար կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ որոշումն ընդունելուց հետո լավ տիրապետել իրավիճակին, ուսումնասիրել, թե ինչպես են վերադառնում, կապի մեջ գտնվել դեսպանությունների հետ և համակարգված ձևով փորձել իրականացնել դա»,- նշեց փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով՝ 46 երկրում գտնվում է Հայաստանի Հանրապետության մի քանի հարյուր քաղաքացի, որոնց բոլորին անուն-ազգանուններով գիտեն, և նրանք մշտական կապի մեջ են դեսպանությունների հետ, որոնք էլ փորձում են գտնել այն օպտիմալ և հասցեավորված միջոցները, որոնք կամ ՀՀ քաղաքացիներին կվերադարձնեն հայրենիք կամ նրանց համար տեղում կապահովեն անվտանգ պայմաններ:
Ավետ Ադոնցն ասում է, որ այսօրվա դրությամբ օդային հաղորդակցության հետ կապված խնդիրներ կան, և եթե մեկ շաբաթ առաջ ասում էին, որ «Աերոֆլոտ»-ն է միակ կանխատեսելի եղանակը հայրենիք վերադառնալու, ապա այսօր այդ հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են:
Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տանում պարետատան և Առողջապահության նախարարության հետ՝ բժշկական սարքավորումների և նյութերի Հայաստան ներկրելու առնչությամբ:
«Սա շատ համակարգված աշխատանքի արդյունք պետք է լինի: Հիմա քննարկում ենք, և նախապատրաստական աշխատանքներ են տարվում որոշակի քանակի բժշկական սարքավորումներ Հայաստան ներմուծելու առումով: Դրա հետ մեկտեղ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ, բայց խիստ անհրաժեշտ քլորոկին դեղորայքը, որը շատ պահանջված է աշխարհում»,- ասաց փոխնախարարը:
Ավետ Ադոնցը նշում է, որ ակտիվ համագործակցում են նաև միջազգային գործընկերների հետ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ: Փոխնախարարը բարձր գնահատեց նրանց ցուցաբերած աջակցությունը:
«Անում ենք ամենը, որպեսզի դյուրացվի բեռնափոխադրումները դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ այստեղ շատ բարձր եմ ուզում գնահատել մեր փոխգործակցության որակն ու մակարդակը Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որովհետև այսօր շատ կարևոր է ունենալ անվտանգ բեռնափոխադրումներ»,- նշեց Ավետ Ադոնցը:
Մեկնաբանել