HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետ․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»

Կառավարության հուլիսի 9-ի հերթական նիստը սկսվեց կորոնավիրուսի մասին քննարկմամբ։ Վարչապետը ներկայացրեց, որ մեկ օրվա արդյունքներով աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100,000-ը, ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։

«Երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել։ Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ կամ միգուցե ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, և այս առումով է հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում նույնպես շարունակում է ծավալվել համաճարակը։ Երեկ 526 դեպք ենք ունեցել, կորոնավիրուսից մահերի թիվը, ցավոք, հասել է արդեն 535-ի, ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, սակայն վարակված է եղել կորոնավիրուսով»։

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ հակահամաճարակային ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի։

Անդրադառնալով կիրառվելիք վարչական միջոցներին՝  վարչապետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ներդրվելու են նոր խստացումներ, և նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ այն հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանան քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, նաև հանրային կոմունիկացիայով»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մոտավորապես մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ և խնդրեց Արսեն Թորոսյանին ներկայացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության վիճակը։

«Տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք։ Շատ փոքր թիվ ունենք նաև այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ։ Նրանց թիվը առավոտյան առավոտյան ժամը 09։00-ի դրությմաբ 13 է։ Համակարգի ծանրաբեռնվածությունն, իհարկե, մնում է լարված այնքանով, որ նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար։ Վիճակը մնում է կայուն, բայց ծանր»,- հայտնեց առողջապահության նախարարը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ այս ընթացքում ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով մահճակալներ։ Այդպիսի մահճակալների թիվը 1488 է։ Վարչապետն անդրադարձավ նաև պատվաստանյութերի վերաբերյալ այն հարցին, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց կառավարությունն ու առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում։ Ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք արդեն իրականացրել են գնում, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ գնումը ձեռք են բերել, ինչը մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրմադրության տակ, և մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որ դա տեղի չունենա»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter