HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետ․ «Այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը»

Կառավարության հունիսի 11-ի նիստի օրակարգից դուրս քննարկման հերթական հարցը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակն էր։ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց անդրադառնալ հակահամաճարակային իրավիճակին և տեղեկատվություն տալ վերջին տվյալների վերաբերյալ։

«Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի։ Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան մեծ եղել։ Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ կրկին նույնն է՝ 25 %՝ նախորդ օրվա 24 %-ի համեմատ։ Ցավով պետք է նշեմ, որ ունենք մահվան 18 դեպք, ընդհանուր մահերի թիվը դառնում է 245։ Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից։ Գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծանր և ծայրահեղ ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք, դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է։ Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, բայց ընդամենը 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում է, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։

Ըստ առողջապահության նախարարի՝ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով, սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ չպետք է զսպողական միջոցառումները շարունակել և ուժեղացնել, կառավարելի վիճակը պահել ինչքան հնարավոր է երկար և գնալ դեպի անկում։

«Հետևաբար, մեր պարետատան որոշումների շրջանակներում ամեն ինչ պետք է շարունակենք, խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, և իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Վարչապետի խոսքով՝ նպատակադրումը և ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում․ «Մենք դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց։ Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա մեր, ենթադրենք, 100 %-անոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո։ Այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը։ Ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, որպեսզի ճշգրտորեն պահվեն հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։ Փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է 100 %-անոց արդյունքի, այսինքն՝ վարակման դեպքերի 95 %-ը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու»։

Ըստ Փաշինյանի՝ վերջին շրջանում լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների և հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը։ Այստեղ շատ կարևոր դեր ունեն ոչ միայն ուստիկանությունը, այլև՝ տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ հաղորդակցվել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը։

«Բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստի արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է։ Հաջորդ խնդիրը, այսպես ասած, «ընդհատակյա հարսանիքներն» են։ Շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին։ Մեր գաղափարախոսությունը հետևյալն է, որ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների միջև զանգվածային համագործակցության միջոցով»,- նշեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter