
Ավետ Ադոնց. «ԱՄՆ 36 նահանգում կա Հայաստանի քաղաքացի 36 երեխա»
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահագները Հայաստանին տրամադրել է 1,1 միլիոն դոլար: Եվրամիությունը Արևելյան գործընկերության 6 երկրի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) հատկացնելու է 140 միլիոն եվրո: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, թե այդ 140 միլիոնը որ ոլորտներին է ուղղվելու.
«Դրանից 30 միլիոնը Առողջապահության միջազգային կազմակերպության միջոցով ուղղվելու է բժշկական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը: 100 միլիոնն ուղղվելու է միջին և փոքր ձեռնարկություններին աջակցելու համար՝ ստեղծված դժվարին իրավիճակում, և 10 միլիոնն ուղղվելու է covid-19-ի դեմ պայքարում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը»,- նշեց Ադոնցը՝ շեշտելով, որ Եվրամիությունը դեռևս չի որոշել, թե ինչպես է բաշխելու այդ 140 միլիոն եվրոն՝ գործընկեր 6 երկրի միջև:
Նա ասում է, որ համապատասխան միջոցների և հնարավորությունների սահմաններում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում նաև Եվրասիական տնտեսական միության երկրների հետ:
Ավետ Ադոնցն ասաց, որ ԱՄՆ-ի 36 նահանգում է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող 36 քաղաքացի:
«Ծրագրի տրամաբանությունն այն է, որ ամեն մի երեխա ապրում է մի ընտանիքում և համապատասխան ուսում է ստանում, 36 նահանգ՝ 36 երեխա: Դեսպանությունը ամենժամյա կապի մեջ է այդ երեխաների հետ: Ստեղծված իրավիճակում ռիսկային է բոլոր երեխաներին հավաքել մեկ տեղ և փորձել նրանց վերադարձնել, շատ ռիսկային է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման դինամիկան: Իրաքում այսօր ունենք 80 քաղաքացի, որոնք աշխատում են այնտեղ գտնվող եվրոպական ընկերությունում: Մեր դեսպանությունը նրանց ապահովել է անհրաժեշտ կարանտինային պայմաններով՝ սննդով, ֆինանսով, առողջապահական միջոցներով: Կապ չունի, թե քանի հոգի են, բոլորի հետևից մենք հատ-հատ գնում ենք»,- նշեց փոխարտգործնախարարը:
Նա հավելեց նաև, որ Թուրքիայում այս պահին կա Հայաստանի Հանրապետության 56 քաղաքացի, որոնց վերադարձնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Ավետ Ադոնցի խոսքով՝ այս հարցը կարգավորելու և լուծելու համար դիմել են նաև Մայր Աթոռի օգնությանը:
Մեկնաբանել