HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ ներկայացուցիչ. «Մոտակա ամիսներին սպասվում է ցածր գնաճ»

Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը վստահեցնում է, որ արտարժույթի շուկայում հնարավոր ցնցումների դեպքում գլխավոր դրամատունը պատրաստ է և ունի բավարար գործիքակազմ շուկան հանգստացնելու համար։ Մոտակա ամիսներին սպասվում է ցածր գնաճ։

«Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակի։ Ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, որովհետև դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների վրա և տնտեսության հատվածների զարգացումների վրա։ Սակայն, կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Նա հայտարարեց, որ մոտակա ամիսներին գնաճը Հայաստանում պահպանվելու է ցածր մակարդակում։ Գնաճի ավելացման հետ կապված որևէ ռիսկ Կենտրոնական բանկը չի տեսնում։ «Երբ նայում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և նրան, թե ինչ ջանասիրությամբ է Հայաստանի կառավարությունն առաջին անհրաժեշտության ապրանքներին ու գներին վերաբերվում, ապա կարող ենք վստահաբար ասել, որ այստեղ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Լրագրողի հիշեցմանը, որ այս օրերին ամենաշատ սպառվող և թանկացող ապրանքները՝ ալկոգելն ու բժշկական դիմակները ընդգրկված չեն առաջին անհրաժեշտության այն ապրանքների զամբյուղում, որոնց գների հիման վրա Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է գնաճը, Արթուր Ստեփանյանը պատասխանեց, որ իրենք հանդես կգան նման առաջարկով, որ առաջիկա գնաճի հաշվարկում այդ ապրանքների գները ևս կդիտարկվեն:

«Ունենք բավականին բարձր պահուստներ»

Անդրադառնալով՝ վերջին օրերին դրամի արժեզրկմանը ամերիկյան դոլարի նկատմամբ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նշեց, որ ԿԲ-ն այսօր ունի բավարար գործիքակազմ և պահուստներ ու դրանք կկիրառի այն ժամանակ, երբ շուկայում ցնցում նկատի։ «Մենք այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից, որը, կարծում եմ, տեղի չի ունենա»,- նշեց նա։

Նա հիշեցրեց 2014 թվականի դեկտեմբերը, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, սակայն դա չազդեց ֆինանսական շուկայի կայունացման վրա. «Ինչպես 2014 թվականի, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում։ Եթե նայեք գնաճի վերջին մինչև 10 տարիների վիճակագրությանը, մենք ամենացածր գնաճային միջավայրում գտնվող երկրների շարքում ենք։ Նույնիսկ 2014 թվականի դեկտեմբերին դրամի արժեզրկումը մարդկանց գնողունակության վրա էական չի անդրադարձել։ Մենք հավատարիմ ենք մնալու լողացող փոխաժեքի քաղաքականությանը, բայց պատրաստ ենք յուրաքանչյուր անբարենպաստ զարգացումների ժամանակ միջամտել ու հանգստացնել շուկաները»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում ռուսական ռուբլու զարգացումներին և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության ու հայկական դրամի վարքագծի վրա, ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը դժվարանում է որևէ կանխատեսում անել, քանի որ ռուսական տնտեսության անորոշությունն այսօր մեծ է։

«Տեսեք մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, որը պայմանավորված է ոչ միայն այս առողջապահական խնդիրների հետ, այլև՝ նավթի գների տատանողականությամբ։ Եվ Ռուսաստանի իշխանություններն այսօր տարբեր գործողություններ են իրականացնում, որպեսզի շուկաները հանգստացնեն։ Անորոշության մասը շատ մեծ է, որևէ մեկն այս պահին չի կարող ասել, թե ռուսական արժույթի հետ կապված ինչպիսի զարգացումներ կարող են լինել։ Բոլոր դեպքերում, որևէ մեկն այս պահին չի կարող ասել, որ այս տատանողականությունը կվերանա։ Մենք ևս մշտապես հետևում ենք Ռուսաստանի զարգացումներին»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter