
Տիգրան Ավինյան. «Հանրային միջոցառումներին մասնակցող անձանց քանակը 20-ից նվազեցրել ենք 5-ի»
Մայիսի 18-ից դիմակների կրման պահանջը լինելու է հանրային տրանսպորտում, իսկ մայիսի 25-ից՝ համատարած: Ազգային ժողովի հատուկ նիստին այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ինչ վերաբերում է այգիներում և հանրային վայրերում դիմակների կրմանը, կարծում եմ, որ ամսի 25-ից կարող ենք պարտադիր առկայության պահանջ սահմանել, և օրինակ՝ չպարտադրել սպորտով զբաղվող կամ այգում զբոսնող մարդուն դիմակ կրել, սակայն դիմակի առկայությունը՝ որպես պարտադիր պահանջ, սահմանել, որպեսզի համոզվենք՝ անձը, որը դուրս է եկել և հետո վերադառնալու է որևէ փակ վայր, դիմակը կհանի և կկրի»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Պարետը կոչ արեց տարեց և վատառողջ մարդկանց հնարավորինս զերծ մնալ տնից դուրս գալուց:
«Որքան էլ, որ սահմանափակումները նվազեցրինք, նաև որոշ սահամանափակումներ խստացրել ենք: Մասնավորապես հանրային միջոցառումներին մասնակցող անձանց քանակը 20-ից նվազեցրել ենք 5-ի, այսինքն՝ այս տրամաբանության մեջ պետք է լինի»,- նշեց պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե եկեղեցիներում պատարագներին ու ժամերգություններին մասնակցելը թույլատրվելու՞ է, թե՞ ոչ:
Մեկնաբանել