
Աջակցություն միկրոձեռնարկություններին․ կառավարությունը հաստատեց տասներորդ միջոցառումը
Կառավարությունը ապրիլի 9-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`
- 2019 թվականին Հայաստանի հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
- 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
- Չեն հանդիսանում ինքնազբաղված անձինք, չեն հանդիսացել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ հայտ, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականի ընթացքում՝ որպես անհատ ձեռնարկատեր չեն եղել հաշվառված։
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի խոսքով՝ շահառուների թիվը մոտ 6000 է։ Թիվը ճշգրտվում է։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ 2020 թվականի հունվարի 1-ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136,000 դրամ)։
Անկախ այս միանվագ գումարի շահառուներից, նվազագույն աշխատավարձի չափով միանվագ աջակցություն կստանան, եթե՝
- շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն են ներկայացրել հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն,
- շահառու անձինք 2020 թվականի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք։
«Շահառուները, ըստ էության, միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներն են, որոնք այս պահին, մեր բնորոշմամբ, օժանդակության կարիք ունեն, և օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների և մատակարարված ապրանքների իրացման հասույթը, որը հաշվարկվում է հետևյալ կերպ` ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական համակարգում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված իրացումային հասույթի և ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալ հասույթների հանրագումարը»,- նշեց Դավիթ Անանյանը։
Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
- որոնք ունեն 2 և ավելի աշխատակից,
- որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը,
- ովքեր հանդիսանում են կառավարության այլ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել