HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչպես են վերահսկվում ինքնամեկուսացածները. մանրամասնում է փոխվարչապետի խորհրդականը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը հավաստիացնում է, որ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց հետ անընդհատ կապի մեջ են։ Տեղեկանում են նրանց առողջական վիճակի մասին, եթե նրանք ունենում են սննդի անհրաժեշտություն, նրանց սնունդ է մատակարարվում։

Բացի այդ, պարետատունը պարբերաբար հաղորդագրություններ է ուղարկում ինքնամեկուսացածներին, ովքեր հաղորդագրությունում տեղադրված հղումով մուտք են գործում համակարգ, լրացնում անհրաժեշտ տեղեկություններ իրենց առողջական վիճակի մասին, վերջում ինքնալուսանկարվում։ Այդ կերպ պարետատունը համոզվում է, որ տվյալները լրացրել է ինքնամեկուսացման մեջ գտնվողը։

«Այդ ընթացքում նաև հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին, որով մենք հավաստիանում ենք, որ իրենք չեն լքել մեկուսացման վայրը։ Այդ հաղորդագրությունները օրվա ընթացքում ուղարկվում են մի քանի անգամ, չունեն որոշակի պարբերականություն, պատահական սկզբունքով են ուղարկվում, որպեսզի հնարավոր չլինի նաև այդ պարբերականությունը որոշել և բացակայել դրա միջակայքում»,- ասաց փոխվարչապետի խորհրդականը։

Ըստ նրա՝ վերահսկվում է նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց մեկուսացման վայրը, և եթե անձը լքում է այն, համակարգն ավտոմատ այդ հաղորդագրությունը փոխանցում է ոստիկանություն։ Եթե ոստիկանությունը պարզի, որ տեխնիկական խնդիր չէ այն, և իրոք անձը լքել է մեկուսացման վայրը, նա ենթարկվում է վարչական տույժի, պարբերաբար լինելու դեպքում՝ նրան կտեղափոխվեն մեկուսավայր։

Բագրատ Բադալյանի խոսքով՝ ինքնամեկուսացած անձի գտնվելու վայրը տեղորոշվում է առաջին անգամ նրան հաղորդագրություն ուղարկելիս։

«Տեղորոշման երկու մեթոդ կա: Մեկը՝ բջջային օպերատորների միջոցով, որի շառավիղն այդքան էլ ճշգրիտ չէ։ Դա մի մեթոդ է, որը նույնպես կիրառում ենք։ Երկրորդ մեթոդը տվյալ անձի կոորդինատների ֆիքսումն է, որը շատ ավելի ճշգրիտ է, և բնակարանի լքումից հնարավոր է այդ տեղեկատվությունը փոխանցվի մեզ»,- նշեց Բագրատ Բադալյանը։

Եթե ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը պարետատան ուղարկված հաղորդագրությանը որոշակի ժամանակում չի պատասխանում, պարետատան թեժ գիծը կապ է հաստատում նրա հետ։ Եթե պարզվում է, որ քաղաքացին չունի ինտերնետ հասանելիություն, պարերատան թեժ գծի աշխատակիցը մեկուսացված անձի առողջական վիճակի մասին տեղեկությունները գրանցում է մեխանիկական տարբերակով։

«Ի դեպ մեր բջջային օպերատորները նաև պատրաստակամություն են հայտնել բոլոր ինքնամեկուսացված անձանց տրամադրել անվճար, բավականին մեծ ծավալով ինտերնետ՝ ամբողջ ինքնամեկուսացման շրջանի համար»,- ասաց փոխվարչապետի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter