HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զարուհի Բաթոյան. «Մենք գիտենք նաև, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս օրերին կենսաթոշակ, նպաստ ստացող տարեցներին և ընտանիքներին կոչ արեց չայցելել «Հայ փոստի» գրասենյակներ, քանի որ գումարը բերվելու է բնակության վայր։ Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր կենսաթոշակը ստանում են բանկից, պետք է այցելեն բանկ կամ օգտվեն գումարի կանխիկացման տերմինալներից։

Նախարարը քաղաքացիներին հորդորեց նաև չայցելել սոցիալական աջակցության ծառայություներ՝ խուսափելով վարակվելու հավանականությունից։

«Տնային խնամք ստացող քաղաքացիները, ովքեր նաև ցերեկային ծառայություններից էին օգտվում, այդ ծառայություններից շարունակում են օգտվել տանը։ Այս իմաստով ծառայությունները հնարավորինս դարձրել ենք ավելի մատչելի և հասանելի իրենց տներում»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

Նախարարը, անդրադառնալով արտակարգ դրության օրերին հաստատված աջակցության ծրագրերին, նշեց, որ քաղաքացին, եթե իր կարգավիճակով համապատասխանում է երկու-երեք ծրագրերի, պետք է ընտրի ծրագրերից միայն մեկը։

Նախարարի խոսքով՝ մարտի 13-ի-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցողները դրամական աջակցություն ստանալու համար դիմում լրացնելու անհրաժեշտություն չունեն։ Փոխանցումները կատարվելու են բանկերի միջոցով և քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով կմոտենա բանկ, կստանա աջակցության գումարը։

Մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողների տվյալները հավաքագրվելու է պետական եկամուտների կոմիտեի միջոցով, շահառուների ցանկն ամբողջացնելու հետո գումարի փոխանցման համար ընտրվելու է բանկը և հնգօրյա ժամկետով փոխանցումը կատարվելու է։ Ասաց՝ առաջիկա օրերին այդ վճարումները կիրականացվեն։ 

Նախարարը անդրադարձավ այսօր հաստատված աջակցության ծրագրին, որով նախատեսվում է չաշխատող ծնողներին յուրաքանչյուր երեխայի համար միանվագ 26 000 դրամ հատկացնել։

Զարուհի Բաթոյանն ընդգծեց, որ 26 000 դրամ աջակցությունը բնականաբար երեխաների բոլոր կարիքները հոգալու համար չէ, այն ուղղված է սոցիալական այս ճգնաժամը, խնդիրները մեղմելուն։ Նախարարը նշեց՝ իրենք դեռ չգիտեն, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի, և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան։ «Մենք գիտենք նաև, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն։ Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել՝ ավելի մեծ գումար տրամադրել ավելի քիչ թվով մարդկանց, թե մի փոքր քիչ գումարով, ավելի շատ մարդկանց հասնել։ Այսինքն մենք այս երկու ընտրությունների միջև կատարել ենք ավելի շատ մարդկանց հասնելու և այն մարդկանց հասնելու, որոնք գրանցված աշխատող չեն և այս պահին որևէ եկամուտ չունեն»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ դեռևս Կառավարությունն աջակցություն կամ փոխհատուցում տրամադրելու ծրագիր չունի աշխատող այն մարդկանց համար, ովքեր ֆինանսական դժվարությունների առջև են կանգնել՝ հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու հետևանքով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են սոցիալապես անապահով իրենց շահառուների հետ, և եթե նրանք օգնության կարիք ունեն, փորձում են հնարավոր միջոցներով օգնել նրանց։ «Բոլոր միջոցներով փորձում ենք օգնել եթե այդ օգնության կարիքն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով կամ գուցե այլ պատճառներով։ Անկախ ամեն ինչից մեզ դիմող քաղաքացիներին աջակցությունը տրամադրում ենք օրենքով սահմանված կարգով՝ երբեմն նաև մեր գործընկերների աջակցությանը դիմելով։ Որովհետև շատ հաճախ բոլոր հարցերը չեն, որ մեր ենթակայության են կամ մեր լիազորությունների շրջանակում լուծվելիք հարցեր են»,- նշեց նա։

Վերջինս անդրադարձավ նաև մտահոգություններին, թե ինտերնետ հասնելիություն չունեցողները ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրերից։ Ասաց՝ նրանք կարող են այցելել սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, որքան էլ իրենք չեն խրախուսում քաղաքացիների՝ ծառայություն այցելությունները։

Մեկնաբանություններ (1)

Նաիրա Ղևոնդյան
Բարև ձեզ, ինձ ինֆորմացիա կտաք, եթե ես ունեմ 9 տարեկան երեխա, մենակ եմ պահում երեխային, բայց մինչև մարտի 13֊ը ընթանրապես չեմ աշխատել, ըստ մարտի 26֊ի որոշման, ինձ տրամադրվում է միանվագ վճար 26000 դրամի չափով, թե ոչ՞։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter