
Կառավարությունը միանվագ օգնություն կտրամադրի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիներին
Կառավարության մարտի 30-ի արտահերթ նիստի օրակարգի առաջին (կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառում) հարցը վերաբերում էր մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների միանվագ օգնության տրամադրմանը։
Միջոցառման շահառու են լինելու այն ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհ Բաթոյանի խոսքով՝ աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
- ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը,
- ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
- 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
- ով կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։ Միջոցառումը վերաբերում է մարտի 13-ի-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց։
Այս միջոցառման շրջանակներում աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
«Մեր այն հայրենակիցները, ովքեր մարտի 13-ից մինչև այսօր կորցրել են աշխատանքը և այլ աշխատանք չեն գտել և մեր նախորդ ծրագրի շահառու չեն, նրանց տրամադրում ենք միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Կարևոր է արձանագրել, որ այս օգնությունը ստանալու համար պետք է էլեկտրոնային եղանակով շահառուները դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընթացակարգը կհաստատվի ապրիլի 2-ին, որի հիման վրա էլ օգնությունը կտրամադրվի։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել