HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՏՄ պետ․ սննդամթերքից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ, բայց հայտնի չէ՝ հարուցիչը փաթեթի վրա ինչքան կմնա

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը քիչ առաջ խոսել է արտակարգ պայմաններում սննդամթերքի անվտանգությանն ուղղված միջոցառումների ու դրանց վերահսկողության մասին, ինչպես մաև՝ պատասխանել «Հետք»-ի որոշ հարցերի։

ՍԱՏՄ պետը` Գեորգի Ավետիսյանը, այսօր հայտարարեց, որ դեռևս նախքան արտակարգ իրավիճակ հայտարարելը, իրենք ցուցումներ էին տվել տնտեսվարողներին, ինչպես նաև սպանդանոցներին՝ իրականանացնելու ավելի շատ ախտահանիչ միջոցառումներ, քան սովորաբար նախատեսված է։

«Մինչև հիմա մենք իրականացնում ենք միջոցառումներ, շրջայցեր, պարետի ցուցումները իրականացնելու մասով՝ տեսնենք, թե տնտեսվարողներն ինչ են անում։ Նաև հիմնական մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք․ ստանում ենք լուսանկարներ, տեսանկարահանումներ, թե ինչպես են իրականացվում բոլոր այդ միջոցառումները, ախտահանումները, որ ապահովենք սանիտարահիգիենիկ ճիշտ պայմաններ»,- ասաց Գ․ Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է այս օրերին վաճառվող չփաթեթավորված մթերքին, մասնավորապես՝ հացերին, ՍԱՏՄ պետն ասաց, որ չկա որևէ իրավական կարգավորում, որով հստակ կսահմանվի, թե դրանք պարտադիր պետք է լինեն փաթեթավորված։ Բայց որոշ տնտեսվարողներ արդեն սկսել են հացը փաթեթավորված առաքել խանութներ, վերջիններս էլ դարակներ են պատրաստել, պոլիէթիլենային թաղանթով փակել, սակայն այդպես է ոչ բոլոր խանութներում:

Թեև ՍԱՏՄ պետը հատուկ ընդգծեց, որ սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ, սակայն նշեց, որ դեռևս հայտնի չէ՝ որքան կարող է հարուցիչը մնալ փաթեթավորման վրա․

«Կորոնավիրուսը հանդիսանում է վիրուս, որը ջերմային մշակման դեպքում շատ արագ վերանում է։ Վիրուսները որևէ ձևով ջերմային մշակման չեն դիմանում և խոսել, որ մսի կամ այլ սննդամթերքի միջոցով կարելի է վարակվել, որևէ ձևով հիմնավորված չէ, և նման բան չի կարող լինել։ Պարզապես մենք դեռ չգիտենք՝ փաթեթավորման հետ շփումից արդյոք երկա՞ր կմնա հարուցիչը դրա վրա, թե ոչ, այդ մասով դեռ ոչինչ չենք կարող ասել։ Ամեն դեպքում, սանիտարահիգիենիկ նորմերը որ ճիշտ պահենք, մենք կարող ենք զերծ մնալ դրանից»,- ասաց Գ․ Ավետիսյանը։

Ըստ նրա՝ մթերային խանութի աշխատակիցները պարտադիր պետք է լինեն ձեռնոցներով, չնայած մինչ օրս էլ կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք չեն հասկացել այս ցուցումների լրջությունը, և նրանք, ՍԱՏՄ պետի խոսքով, շուտով կպատժվեն․

«Հուսով եմ՝ այսօր նման դեպքի մասին կլսենք, որ տնտեսվարողը պատժվել է իր աշխատակիցներին դիմակներով չապահովելու և համապատասխան ձեռնոցներով չապահովելու համար»։

Այս առումով ՍԱՏՄ պետն անդրադարձավ նաև ախտահանիչ միջոցներին, որոնք օգտագործվում են սուպերմարկետներում և խանութներում՝ ընդգծելով, որ շատ կարևոր է, որ քլոր պարունակող նյութերով միայն հատակը մաքրվի, այլ ոչ թե այլ մակերեսներ։

«Ախտահանիչ, նյութերը, որոնք օգտագործում են մակերեսների ախտահանման համար, հիմնականում սպիրտ պարունակող նյութեր են,  այս դեպքում ո՛չ հոտը, ո՛չ էլ որևէ այլ ազդեցություն սննդամթերքի վրա չի կարող ունենալ։ Քլոր պարունակող ախտահանիչները, իհարկե, խորհուրդ չի տրվում մակերեսների վրա օգտագործել, միայն՝ հատակը ախտահանելիս»,- նշեց Գ․ Ավետիսյանը։

Վերջերս Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրեց բոլոր տեսակի ձավարեղենի արտահանումը։ Ելնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակից՝ մենք հետաքրքրվեցինք՝  հնարավոր է արդյոք արգելվի տեղական որոշ սննդամթերքի արտահանումը՝ բնակչության պահանջները բավարարելու համար։ Գեորգի Ավետիսյանն ասաց, որ ինքը ևս կողմ է նման որոշմանը, սակայն դա իրենից կախված չէ․

«Ես ոչինչ չեմ բացառում, ես ինքս կողմ եմ, որ նաև նման սահմանափակումներ դրվեն, բայց ես չեմ որոշողը, պարետատունը կորոշի»,- ասաց նա։

Գ․ Ավետիսյանին խնդրեցինք նաև պարզաբանել՝ ինչպես է այս օրերին իրականացվում սահմանային վերահսկողությունը, արդյոք ՍԱՏՄ տեսուչներն ավելի խիստ են մոտենում սննդամթերքի անվտանգությանն ու որակի վերահսկմանը՝ հատկապես վտանգավոր ճանաչված երկրներից՝ Իտալիայից, Չինաստանից, Իրանից ապրանքներ ներկրելու ժամանակ, ինչին ի պատասպան ՍԱՏՄ պետը նշեց, որ սահմանային տեսուչների մոտ փոխվել է միայն նրանց արտաքին տեսքը․

«Մենք միշտ իրականացնում ենք վերահսկողություն՝ օրենքի շրջանակներում և խիստ, պարզապես մեր տեսուչներն այսօր դիմակներով և ակնոցներով են նստած, որ իրենց անձնական անվտանգությունն ապահովեն, իսկ վարորդների վերահսկողությունը մեր ֆունկցիան չէ»։

Ինչ վերաբերում է սննդի պահեստավորմանը՝ Գ․ Ավետիսյանը խորհուրդ տվեց մթերք գնելիս ուշադիր լինել դրանց պահման ժամկետներին և պայմաններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter