
84 վարակակիր. վարչապետն ասում է՝ կորոնավիրուսը Հայաստանի համար անցնում է թեթև սցենարով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6-ով՝ ընդհանուր դառնալով 84: Ըստ կառավարության ղեկավարի՝ դեպքերի 81 տոկոսը կապված է Էջմիածնի և Երևանի արտադրամասի դեպքի հետ, իսկ ախտորոշվածների վերջին խմբից 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են:
«Երկու հոգի ունենք թոքաբորբով, նրանց վիճակը լավ է: Վերջին ջերմաչափման տվյալներով՝ նրանցից մեկի ջերմությունը 36,5 աստիճան է, իսկ մյուսինը՝ 37,3: Մեր 84 հայրենակիցներից ընդամենը 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն: Ընդամենը 6 հոգի 84 հոգուց ունեն 38 և բարձր աստիճան ջերմություն: 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ մենք չունենք»,- նշեց կառավարության ղեկավարը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսը Հայաստանի համար անցնում է թեթև սցենարով:
Վարչապետը խոսեց նաև վիրուսի կանխարգելման ռազմավարության մասին. «Սկզբում մեր մեթոդը հետևյալն էր՝ նախ քաղաքացիներին հաշվառել՝ ըստ ռիսկային խմբի, նրանց հետ աշխատել ինքնամեկուսացման և մեկուսացման սկզբունքով, անընդհատ նրանց պահել հսկողության տակ, ախտտորոշումը հաստատելու դեպքում մեկուսացնել նրան և նրա շփման շրջանակը: Էջմիածնի և արտադրամասի ճյուղի զարգացման հիմնական պրոբլեմն այն է , որ հսկողության տակ գտնվող մարդիկ հրահանգներին չեն հետևել: Եվ ահա, մենք այսօր այսպիսի ծավալ ունենք»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե անհրաժեշտ մեկուսացման ծավալները մեծանանան, ապա այդ գործողությունը կդառնա անիմաստ: Նրա խոսքով՝ այս պահին կա 444 մեկուսացված, և 799 մարդ, որոնց կառավարությունը հորդորել է տներում ինքնամեկուսանալ: Հարկ է նշել, որ մարտի 17-ի երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ օրվա վերջում մեկուսացվածների թիվը կհասնի մոտ 600-ի:
«Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ ռիսկային խմբի, տարիքային խմբի մեր հայրենակիցների հետ կապված որևէ պրոբլեմ չենք ունենա»,- շեշտեց վարչապետը:
Մեկնաբանել