HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արարատի մարզում գրանցվել է 85 դեպք. Գարիկ Սարգսյանը ներկայացրել է պատկերը՝ ըստ համայնքների

Մարտի 29-ի տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 85-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ վարակի տարածման թեժ կետեր են համարվում Մասիսի տարածաշրջանի համայնքները: Այնտեղ արձանագրված դեպքերը հիմնականում փոխկապակցված են Երևանում գտնվող արտադրամասի հայտնի դեպքի հետ: Այդ արտադրամասում, ըստ մարզպետի, կան մեծ թվով աշխատակիցներ, որոնք Մասիսի և Արտաշատի տարածաշրջանից են:

«85 դեպքերից 13-ը Մասիսից են, 9-ը՝ Նոր Խարբերդից, Նոր Կյուրին համայնքից՝ 12-ը: Ցանկանում եմ, որ առավել մեծ ուշադրություն դարձնենք Նոր Կյուրին համայնքին, և ուզում եմ կոչով դիմել այդ համայնքի բնակիչներին, քանի որ այն շատ փոքր համայնք է, և այստեղից 12 վարակակիր ունենալը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս մեզ: Կխնդրեմ և կպահանջեմ Նոր Կյուրինի համայնքապետարանից, որ համայնքում պատշաճ իրազեկում իրականացնեն, որպեսզի մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խստիվ պահպանվեն»,- նշեց Գարիկ Սարգսյանը: 

Շարունակելով թվարկել համայնքներում գրանցված դեպքերը՝ Արարատի մարզպետն ասաց, որ Այնթափում կա 6 դեպք, Հայանիստում՝ 2, Դարակերտում և Արբաթում՝ 1-ական: Արտաշատի տարածաշրջանից մարզկենտրոն Արտաշատում գրանցվել է 3 դեպք, Մխչյան համայնքում՝ 5, Բուրաստանում՝ 1.

«Բուրաստանից մի քանի մեր հայրենակիցներ նույնպես տեղափոխվել են և թեստավորվել են: Դեռևս սպասում ենք թեստի պատասխաններին, և այնտեղ հնարավոր է՝ շատանան, քանի որ Բուրաստանում ունենք կոնտակտավոր, որը մասնակցել է Արտաշատում մահվան տարելիցի միջոցառման, որտեղ Դալար համայնքից ունեցել ենք արդեն հաստատված վիրուսակիր, ում հետ շփում է եղել, և կարող է այդ միջոցառման ընթացքում բոլոր ներկաների մոտ հաստատվի առաջիկա ժամերին: Այդ շրջանակը պարզված է»,- ասաց Գարիկ Սարգսյանը:

Ջրաշեն համայնքում գրանցվել է 6 դեպք, որոնք մարզպետի խոսքով՝ կապված են երևանյան արտադրամասի դեպքի հետ: Դիտակ, Դալար, Նորաշեն, Այգեպատ համայնքներում կա 2-ական դեպք, Դվին, Այգեզարդ, Այգեստան համայնքներում՝ 1-ական, իսկ Վերին Դվինում՝ 6 դեպք:

«Մեր Արարատի շրջանում համեմատաբար լավ է վիճակը, սակայն այստեղ նույնպես չենք խուսափել վարակի դեպքերից: Վեդի համայնքում ունենք 3 դրական դեպք, Դաշտաքար, Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերական, Ոսկետափ համայնքներում 1-ական դեպք: Ոսկետափ համայնքի դեպքը Հռոմից ժամանած մեր հայրենակիցն է եղել, որն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել է մեկուսարան»,- եզրափակեց Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ Արարատի մարզում գրանցված դեպքերի թիվը կարող է ավելանալ, սպասում են նախօրեին մարզից տեղափոխված քաղաքացիների թեստերի արդյունքներին:

Արարատի մարզպետը նշեց նաև, որ ցուցակագրում են արտակարգ դրության պատճառով տուժած քաղաքացիներին, փաթեթը ներկայացնելու են կառավարությանը՝ աջակցություն ստանալու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի, որոնցից 30-ը առողջացել են, իսկ 3-ը՝ մահացել: Փաստացի բուժվողների թիվն էլ կազմում է 449:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter