HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակներ

Կառավարությունը որոշել է, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրել տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։ Այս մասին ֆեյբուք ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որտեղ առաջարկվել էր 30 օրով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։

«Երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինի գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն գործունեության տեսակները, ինչպես նաև հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտների գործունեությունը, ջրաամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, պետական կառավարման, պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտները, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտները, և օտարերկրա կազմակերպությունների գործունեությունը»,- այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապրլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարության, ծխախոտային արտադրատեսակների գործունեությունը, իսկ ապրիլի 20-ից հետո կթույլատրվի տեքստիլ արդյունաբերության, տնտեսական խանութների և գիտական հետազոտություններ և մշակում ոլորտների գործունեությունը։

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև արտակարգ դրության ժամանակահատվածում սպասվելիք տոների և հիշատակի օրերը նշելուն․

«Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրն ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Մեր եզրակացությունն այն է, որ այս դեպքում քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, քանի որ ակնհայտ է՝ եթե մենք այդ միջոցառումնրը թույլ տանք սովարական ընթացակարգով, ապա կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, դրանք կկատարեն։

«Այս պահի պլանով՝ նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, բնականաբար մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի։ Եվ մենք այս միջոցներով պետք է կարողանանք իրականացնել հակահամաճարակային խնդիրներ։ Հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ըմբռնումով կմոտենան այս հարցերին»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ կշարունակի արգելված մնալ հանրային տրանսպորտի գործունեությունը, քանի որ ըստ վարչապետի՝ փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի․

«Այն ոլորտները, որոնց աշխատանքը թույլատրված է, մենք սահմանում ենք, որ տրանսպորտային ծախսերի հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ 

Ինչպես ասում է վարչապետը, առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակվելու է արգելված լինել նաև միջմարզային տրանսպորտը, իսկ  Երևանում և մարզերում թույլատրվելու է տաքսիների, ինչպես նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների գործունեությունը։ Գործող սահմանափակումների շրջանակում թույլատրվելու է նաև անձնական փոխադրամիջոցներով երթևեկելը։ 

«Այն հանգամանքը, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, և այն, որ մենք գործունեության նոր հատվածներ և հնարավորություններ ենք ստեղծում, չի նշանակում, որ մեր վիճակը լավացել է։ Մեր հակահամաճարակային վիճակը կայունացել է, սակայն չի լավացել։ Ընդհանուր առմամբ ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդության նոր բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter