HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փոխվարչապետը եւ նախարարները՝ կառավարության միջոցառումների վերաբերյալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան կառավարության ընդունած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կա 10 ծրագիր, որոնցից 6-ը ուժի մեջ են։ Երեկվա դրությամբ միջոցառումներով հասանելի գումարը կազմել է 3 մլրդ 760 մլն դրամ։ Սա, ըստ պրն Գրիգորյանի, վատ արդյունք չէ։ Այսօր ընդունված նոր ծրագրի վերաբերյալ նշեց, որ կիրականացվի հստակ եւ արագ գործընթաց։ Կատարվում է 8-րդ, 7-րդ, 9-րդ, միջոցառումների տեղեկատվական շտեմարանների կազմում։

Զարուհի Բաթոյանը նշեց, որ 4-րդ, 6-րդ ծրագրերերի ֆինանսավորումը հասանելի է, այսինքն՝ ֆինանսավորում կարող են ստանալ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող այն անձինք, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ը ընկած ժամանակահատվածում (4-րդ միջոցառում) եւ այն անձինք, ովքեր երեխաներ չունեն եւ ազատվել են աշխատանքից (6-րդ միջոցառում

Նշեց, որ շահառուն ինքը կարող է ստուգել կայքի միջոցով՝ ֆինանսավորվո՞ւմ է, թե ոչ։  Նախարարը տեղեկացրեց, որ նշված է նաեւ բանկը, որտեղից քաղաքացին կարող է ստանալ հասանելիք գումարը։

Ապրիլի 10-ից կսկսվի նաեւ 7-րդ ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում է այն հղիներին, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, իսկ իրենք չեն աշխատում, միայնակ են։

«15 հազար հղի կնոջ մասին տվյալներ ունենք, սակայն պետք է համադրենք մյուս բազաների հետ՝ հասկանալու, թե ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3700 հղի կին կկարողանա աջակցություն ստանալ»,- նշեց Բաթոյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ տնտեսական բնույթի 4 միջոցառում է մշակվել։ Առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդավորման վերաբերյալ որոշումները կայացվում են առեւտրային բանկային համակարգի օգնությամբ։

«Առաջին միջոցառման մասով բանկային համակարգի կողմից բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 մլրդ 433 մլն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են եղել 520 մլն դրամի վարկային միջոցներ (ապրիլի 8-ի դրությամբ)»,- հայտնեց նախարարը։

Գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրի մասին նշեց, որ փաթեթը նոր չէ, իրականացվել է մինչեւ ապրիլ ամիսը, սակայն արտակարգ դրության ժամանակ փոփոխվել է. տոկոսները սուբսիդավորվում են ամբողջությամբ։ Նախարարը տեղեկացրեց նաեւ՝ մինչեւ 1 մլն դրամ արժեք ունեցող միկրովարկերը հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին։ «Կան 1,1 մլրդ արժեքով ներկայացված վարկային հայտեր, եւ տրամադրվել են 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի վարկեր»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը։

Փոքր ձեռնարկություններին վարկային աջակցության մասին խոսելիս նշեց՝ հաշվի են առնում կազմակերպության բարեխիղճ վարկային եւ հարկային վարքագիծը։ Բացի այդ՝ կազմակերպությունը պետք է ունեցած լինի 24 մլն դրամը գերազանցող, բայց 500 մլն դրամից պակաս շրջանառություն։ «Էսպես ենք բնորոշել շրջանակը, դիմում են կառավարությանը եւ կարող են ստանալ վարկային միջոցներ։ Երեկվա դրությամբ կար 27 դիմող, շահառուներ կան, որոնք գործում են մշակվող արդյունաբերությանը, զբոսաշրջությանն առնչվող ոլորտներում, եւ մի շարք այլ ոլորտներում, որոնք բացասական ազդեցություն են կրել արտակարգ դրություն հայտարարելուց հետո»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ ուսումնասիրությունները շարունակվում են։ Ըստ նրա՝ միջոցառումների նպատակն այն է, որ գործիքակազմը հետագայում նպաստի մասնավոր հատվածի զարգացմանը. «Ապագայում հնարավորություն կունենանք մասնավոր հատվածի ընկերություններին ուղղորդել դեպի զարգացման այն նիշերը, որոնք կհամարենք երկրի համար կարեւոր եւ հեռանկար ունեցող», - նշեց փոխվարչապետը։

Նա հավելեց, որ տեղեկատվական շտեմարանների ճշտգրտումը լուրջ որակական խնդիր է լուծում, որն անհրաժեշտ է ապագայի համար՝ սոցիալական միջոցառումները ավելի հասցեական դարձնելու։

«Այսօրվա մեր արած աշխատանքը ապագայի համար էլ մեծ նշանակություն կունենա»,- խոսքը եզրափակեց Մհեր Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter