HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսով վարակվել է 297 շահառու, մահացել՝ 24-ը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսով վարակվել է 297 շահառու, մահացել է 24-ը։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է նախարարությունը։

Հուլիսի 21-ին նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում» բոլոր վարակվածներն առողջացել են։ «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը նշել էր, որ «Երեւանի թիվ մեկ տուն-ինտերնատում» կորոնավիրուսի տարածումից մինչեւ հուլիսի 22-ը COVID-19-ով վարակվել է 83 անձ, որից 33-ը շահառուներ են, 50-ը՝ աշխատակից։ Մահվան դեպքեր տուն-ինտերնատում չեն գրանցվել։

Համավարակի տարածումից հետո պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանում գործող 5 խնամքի կենտրոններում վարակվել է 409 անձ, որից 112-ը՝ աշխատակից, ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նորքի» տուն-ինտերնատում։

«Նորքի տուն-ինտերնատում» բնակվող 220 տարեցներից կորոնավիրուսով վարակվել է 92-ը, ինչպես նաեւ վարակվել է 27 աշխատակից, ընդհանուր առմամբ՝ 119 մարդ։ Պետության միջոցների հաշվին գործող 5 խնամքի կենտրոններից կորոնավիրուսով պայմանավորված ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են «Նորքի տուն-ինտերնատում». մահացել է 17 շահառու։ Ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մահացածները ունեցել են խրոնիկ հիվանդություններ, նրանցից մի քանիսն էլ անկողնային հիվանդներ են եղել։

«Բոլոր վարակակիրները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց բոլորի բուժումը կատարվել է հիվանդանոցային պայմաններում, ցավոք, ոմանց դիմադրողականությունը չբավարարեց պայքարել հիվանդության դեմ։ Եթե համեմատում ենք նախորդ տարվա այս ամիսների ցուցանիշի հետ, ինտերնատում մահերի թիվը կորոնավիրուսով պայմանավորված չի աճել։ Անվտանգության կանոնները պահպանել ենք, բայց ամեն դեպքում վարակման ռիսկը չի նվազել»,- նշել է տնօրենը։

«Նորքի» տուն-ինտերնատում սահմանված է կարանտինային ռեժիմ, աշխատակիցները աշխատում են 14-օրյա հերթափոխով։ Վարակված 27 աշխատակիցները բուժվել են։ Շահառուներից բուժվել է 75 հոգի։

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում» կորոնավիրուսով վարակվել է 92 շահառու և 19 աշխատակից, այս կենտրոնում առողջացել է 79 անձ, մահացել է` 2-ը։ Աշխատակիցներից 12-ը դեռեւս շարունակում են բուժումը։

«Գյումրու տուն-ինտերնատում» գրանցվել է Covid-19-ով վարակման 70 դեպք։ Նրանցից 56-ը շահառուներ են, 14-ը՝ աշխատակիցներ։ Կորոնավիրուսի հետևանքով կենտրոնում մահացել է 5 տարեց։ Ապաքինվել են 47 շահառու և 12 աշխատակից:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում եւս կորոնավիրուսով վարակված բոլոր աշխատողներն ու շահառուներն ապաքինվել են, ըստ նախարարության տվյալների՝ այս կենտրոնում Covid-19-ով վարակվել են 24 շահառու եւ 2 աշխատակից, կենտրոնում համավարակից մահվան դեպք չի գրանցվել։

Պետական բյուջեից ֆինանսավորվող խնամքի կենտրոններից բացի Հայաստանում գործում են նաեւ մասնավոր, բարեգործական կենտրոններ։ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն ունի երկու խնամքի կենտրոն՝ Կապանում եւ Երեւանում, մինչեւ համավարակի տարածումը երկու կենտրոնները միասին 29 շահառու են ունեցել, որոնցից 11-ը՝ Երեւանում գտնվող «Ավագ սերունդ» խնամքի կենտրոնում, 18-ը՝ Կապանում գտնվող «Արծվաբույն» կենտրոնում։ Կորոնավիրուսի տարածումից հետո կենտրոնների շահառուներից 11 հոգի վարակվել է համավարակով, որոնցից 4-ը մահացել է, իսկ 7-ը՝ առողջացել, սակայն նրանցից երկուսը ապաքինվելուց հետո մահացել է։ «Աշխատողներից վարակվել են հինգը, մեկը մահացել է, մեր վարակված կոնտակտավորներից էր, թեեւ ընտանիքը հերքում է, որ Covid-19-ից է մահացել։ Նա էլ ախտանիշների մասին չէր նշել, բժշկի չէր դիմել»,- տեղեկացրեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության երկու կենտրոններում այս պահին կորոնավիրուսով վարակակիրներ չկան։ Աննա Գրիգորյանի պնդմամբ՝ շարունակում են հետեւել պարետատան ցուցումներին։ Հերթափոխի ժամանակ փորձում են պահպանել բոլոր կանոնները։ Ըստ կազմակերպության աշխատակցի՝ վարակը փոխանցել է կենտրոնի աշխատակիցները մեկը, որը «Արմենիա» ԲԿ-ում է աշխատել որպես մայրապետ։

Մասնավոր մյուս կենտրոններից մեկը, որը գործում է ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ, գտնվում է Վանաձորում։ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի շահառու է 50 հոգի, տնօրեն Մանուշակ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարտի 1-ից մինչ օրս կենտրոնում վարակման դեպքեր չեն գրանցվել։ Կենտրոնը գտնվում է քաղաքից հեռու՝ ծայրամասում, տնօրենի պնդմամբ՝ այսպես դրսի աշխարհի հետ շփումը գրեթե բացառվում է, եւ վարակվելու հավանականությունը նվազում է։

«Տարեցներն այս օրերին խնամքի կենտրոնից դուրս չեն գալիս, աշխատակիցներն էլ պահպանում են հիգիենայի կանոնները, բացի այդ, ի տարբերություն մյուս կենտրոնների, մեր շահառուները քիչ են, հետևաբար աշխատակիցներն էլ են քիչ, գուցե սա ևս նվազեցնում է վարակման ռիսկը»,- եզրափակեց կենտրոնի տնօրեն Օհանյանը։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter