HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանին «ապոկալիպտիկ թանկացումներ» չեն սպառնում

Կառավարության ընդունած հակաճգնաժամային փաթեթները տարիքային սահմանափակում չունեն։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

«55-65 և ավել տարիքի մարդիկ նույնիսկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք ծրագրեր, որոնք այդ մարդկանց աշխատաշուկայում մրցունակ կդարձնեն․․․ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այդ ծրագրերին։ Մեր երկրի տնտեսական զարգացման առումով մեր նպատակը պետք է լինի ոչ թե այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները այնպես զարգացնել, որ աշխատաշուկայում աշխատանք գտնելու համար նրանք առավել մրցունակ լինեն։ Ես համարում եմ, որ իսկապես լուրջ անելիք ունենք այս հարցում, և առաջիկայում առավելագույնը կանենք հարցի կարգավորման համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու մասին՝ Կառավարության ղեկավարն ասաց, որ ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ։

«Կարճաժամկետի առումով մենք խնդիր ենք դնում այս տարի շատ արագ պետական կապիտալ ներդրումներ անել, որովհետև դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են, և պետական կապիտալ ներդրումները քարշակում են տնտեսության մյուս ճյուղերը։ Երկարաժամկետ առումով մեր խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի և գիտելիքի զարգացումը։ Մեր տնտեսությունը զարգացնելու և տնտեսական հեղափոխությունն իրականացնելու ռազմավարությունը կրթությունը ազգային ապրելակերպ դարձնելն է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ապրանքների թանկացման վերաբերյալ հարցին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Ըստ նրա՝ 2018-19 և 2020 թվականների առաջին երկու ամիսների ընթացքում եղել է գնաճի շատ ցածր ֆոն։

«ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ 2019թ․ հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել էին 6 տոկոսով, մինչդեռ Հայաստանը 2019թ․ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրել էր 0․3 տոկոս գնանկում։ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խոշոր առևտրի կենտրոնում հացի թանկացում չի եղել, սակայն որոշ ապրանքների թանկացում եղել է, և դրանց մի մասը, ըստ վարչապետի, կապված է արտարժույթի տատանումների հետ։

«Հակաճգնաժամային առաջին միջոցառումների շրջանակում պետք է վերահսկենք, որ գների անտրամաբանական աճ տեղի չունենա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ 600 ապրանքների մաքսատուրքերը բարձրացել էին, սակայն բանակցությունների արդյունքում՝ Հայաստանի համար մաքսատուրքի չափը վերադարձավ նախկին մակարդակին, մասնավորապես առաջիկա 6 ամիսների ընթացքում մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կիջնեն, մասնավորապես՝ մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, հնդկաձավարի, բժշկական պարագաների և այլն։ Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter