HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քրեական ու վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող փաթեթը

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց և ընդունեց արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը չկատարելու համար վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ նախատեսող Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն` 117 ձայնով:

Նախագծերը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ընդգծելով, որ զանգվածային լրատվամիջոցներ հասկացությունը փոխարինվում է լրատվական գործունեություն իրականացնող հասկացությամբ: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոխոխություններ կատարելու նախաձեռնությունը, ուստի այս օրենսգրքով կատարվող փոխոխությունները ապագային միտված կլինեն:

Նախագծի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով` քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը, խախտելով կանոնները, վարակ տարածի ու վնաս հասցնի ուրիշների առողջությանը:

«Միայն կանոն խախտելը բավարար չէ քրեական պատասխանատվության, ժողովրդական լեզվով ասած, դատվելու համար, կանոնները խախտելը վարչական պատասխանատվություն է, քրեական իրավունքի տեսանկյունից հանցագործություն կհամարվի, եթե կանոները խախտելու արդյունքում վարակի մեկ այլ անձի: Այս դեպքում տուգանք է նշանակվում, կամ կալանք` մեկ ամիս ժամկետով, իսկ եթե վարակելու հետևանքով ծանր վնաս Է հասցրել մեկ այլ անձի առողջությանը, այդ դեպքում 500-700 հազար տուգանք կամ կալանք` մեկից երեք ամիս, կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: Եթե նույն արարքն առաջացնի մահ` ազատազրկում երկուսից չորս տարի ժամկետով»,- ասաց Գաբրիելյանը:

Ըստ նախագծի` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։

Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ 2 ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմեց քարտուղարությանը՝ ասելով աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավորինս արագ ստորագրի փաթեթն ու ուղարկի նախագահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter