HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

6 զինծառայողներ բուժվել են կորոնավիրուսից և վերադարձել իրենց ծառայության վայրեր

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 6 զինծառայողներ, որոնք կորոնավիրուսով էին ախտորոշվել, արդեն իսկ բուժվել են և մեկնել իրենց ծառայության վայրեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

Սահակ Օհանյանը նպատակահարմար չգտավ նշել, թե այս պահին քանի վարակակիր կա զինված ուժերում, սակայն ասաց՝ նրանց թիվը չնչին է։ Նա չհայտնեց նաև մեկուսացված զինծառայողների թիվը։ Ըստ Սահակ Օհանյանին՝ բուժում ստացող զինծառայողների մեջ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ չկան։ Թոքաբորբով հիվանդ զինծառայողներ ևս չկան։ Ըստ ռազմաբժշակական վարչության պետին՝ իրավիճակը վերահսկելի է նաև Արցախի Պաշտպանության բանակում, և այնտեղ կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել։

Խոսելով արիլի 11-ին Երևանում բացազատված կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքների մասին՝ Սահակ Օհանյանն ասաց, որ կատարվել է 165 նմուշառում, եղել են թե՛ դրական և թե՛ բացասական արդյունքներ, սակայն վերջիններս մի քանի անգամ ավելի շատ են։

Սահակ Օհանյանի խոսքով՝ զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիք չկա, և զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն ի զորու է և իրկանացնում է համապատասխան ծավալի աշխատանքներ։

«Անհրաժեշտության դեպքում եթե վիճակը պահանջի բերել զորանոցային վիճակի, ապա պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարությունն այդ որոշումը կկայացնի»,- ասաց Սահակ Օհանյանը։

Ռազմաբժշկական վարչության պետը վստահեցնում է, որ բուժծառայողները 100 տոկոսով պատրաստ են կորոնավիրուսի դեմ պայքարին, և այդ աշխատանքներում ընդգրկված են՝ ըստ անհրաժեշտության։

Պատասխանելով ամառային զորակոչի վերաբերյալ հարցին՝ Սահակ Օհանյանը նշեց, որ այն իրականացվելու է ըստ նշված ժամանակացույցի, սակայն անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել։

«Դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Բոլոր զինկոմիսարիատներին հատկացված է անհատական պաշտպանիչ միջոցներ, ու մինչև զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում իրականացվելու են ախտահանման աշխատանքներ, և յուրաքանչյուր օրվա ավարտից հետո այդ աշխատանքները կրկնվելու են»,- նշեց զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը։

Սահակ Օհանյանի խոսքով՝ զինված ուժերի պայմանագրային և սպայական կազմի հետ արդեն երկու ամիս է աշխատանքներ են տարվում, որպեսզի աշխատանքային ժամի ավարտից հետո ծառայության վայրերից դուրս շփումները հնարավորինս սահմանափակեն, ինչպես նաև կիրառեն անհատական պաշտպանական միջոցներ։

Լուսանկարում՝ Սահակ Օհանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter