HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախարարը՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց, շնչառական սարքերի, վարակված բուժաշխատողների, կորոնավիրուսի համար առաձնանցված հիվանդանոցների մասին

Այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց միացված են արհեստական շնչառության սարքեր։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից 4-ը տարեց է, որոնք ունեն ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում, այժմ նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է։

Թորոսյանը տեղեկացրեց, նաև, որ այս պահին միայն կորոնավիրուսի համար Առողջապահության նախարարությունն ունի մոբիլիզացված 55 արհեստական շնչառության սարք, որոնցից, փաստորեն, զբաղված է միայն 5-ը, նշեց նաև, որ սարքերի թիվը կմեծանա՝ հատկապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավումով։ Նախարարը տեղեկացրեց, որ այս բժշկական կենտրոնում թոքերի արհեստական օդափոխության ևս 20 սարք կա, Չինաստանից հատուկ չվերթով մոտ 100 մի տեսակի, 5 կամ 6՝ մեկ այլ տեսակի սարքեր ևս կբերվեն, պատվիրվել է նաև 50 այլ սարք, որոնց մի մասն ապրիլի կեսին, իսկ մյուսը մասը՝  մայիսին կհասնեն։ Թորոսյանը հույս հայտնեց, որ այդ սարքավորումների կարիքն, այնուամենայնիվ. չի լինի։

Ինչպես արդեն նախարարությունը հայտնել է, երեկ կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք է գրանցվել։ Նախարարը հայտնեց, որ երեկվա ընթացքում իրականացվել էր ընդհանուր առմամբ 328 նմուշի հետազոտություն:

«Դրական թեստավորված 92 անձանցից կեսից ավելին մեզ ի սկզբանե հայտնի են եղել, նրանք եղել են մեկուսարանում, ինքնամեկուսացման վայրում կամ շփման մեջ հաստատված դեպքերի հետ։ Կան նաև նոր «օջախներ», հատկապես՝ դրսից բերովի։ Մեր կարծիքով՝ այս դեպքերը բավական վաղ են հայտնաբերվել, թեև նրանց շփման շրջանակը դեռևս պարզվում է՝ մեր կարծիքով՝ այդքան էլ լայն չէ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հաշվի առնելով վերը նշված թվերը՝ նախարարը ևս մեկ անգամ հորդորեց զգոն լինել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ միաժամանակ հորդորելով խուճապի չմատնվել։

«Մեր կողմից խորհուրդ տրվող տեղաշարժման սահմանափակումներն ու այլ գործողությունները՝ կապված հիգիենայի, ձեռքերը լվանալու, փռշտալու, հազալու,  քիչ շփվելու հետ, պետք է կրկնապատկել, որ կարողանանք կոտրել վիրուսի տարածումը, քանի որ կանխարգելիչ առումով չկա այլ տարբերակ, քան վիրուսի հայտաբերումն ու դրա տարածման ուղիները կոտրելը։ Հետևաբար ևս մեկ անգամ կոչ եմ անում այս ամենին վերաբերել շատ լուրջ, սեփական պատասխանատվության զգացումով, քանի որ սա բոլորիս խնդիրն է»,- ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ վտանգի տակ են տարեց և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, որոնց պաշտպանելու համար պետք է կոտրել վիրուսի տարածման շղթաները։

Նախարարը նաև նշեց, որ առողջացման դեպքերն ավելացել են երկուսով, հույս հայտնեց, որ արդեն ամեն օր առողջացած քաղաքացիների թիվը կշատանա, քանի որ մոտենում է նախկինում հաստատված մեծաթիվ դեպքերի հայտնաբերման 14-օրյա ժամկետը։

Թորոսյանը նշեց, որ 16 հյուրանոցային համալիրներում, հանգստյան տներում այս պահին կան քաղաքացիներ, որոնց մի մասը դրական ախտորոշված, բայց թեթև ընթացքով պացիենտներ են, իսկ մի մասը՝ պարզապես կոնտակտավորներ։

«Ամեն հաստատությունը ենթադրում է հատուկ անձնակազմ՝ համաճարակաբան, բժիշկ,  մատակարարումների գծով մասնագետներ։ Նաև ինը բժշկական կենտրոններ ամբողջությամբ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասաց նախարարը։

Կառավարության նիստի ընթացքում Թորոսյանը նշել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծառայի միայն կորոնավիրուսի դեմ պայքարի համար` ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։

Նախարարը պարզաբանեց, որ խոսքը հիվանդանոցի միայն ստացիոնար մասնաշենքի մասին է, իսկ բժշկական կենտրոնի ծննդատան և պոլիկլինիկայի մասնաշենքերը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը։

«Այս մասնաշենքերը միմյանցից աշխարհագրորեն բավականին հեռու են, և վտանգ չկա՝ վարակի ներթափանցման հիմնական մասնաշենքից դեպի մյուս մասնաշենքեր։

Թորոսյանը նաև նշեց, որ այլ հիվանդանոցներ ևս մոբիլիզացվել են և՛ կադրերով և սարքավորումներով, ընտրվել են այն հիվանդանոցները, որոնց մոբիլիզացման համար կարճատև ժամանակ է պահանջվում։

«Պատերազմական տրամաբանությամբ նոր առողջապահական համակարգ է ձևավորվում, որպեսզի հիմնական առողջապահական համակարգը շարունակի իր ծառայությունը մնացած հիվանդություներով մեր քաղաքացիների համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այլ հիվանդություն ունեցող մեր քաղաքացիները տուժեն»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Լրագրողի առցանց հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ կորոնավիրուսով վարակված երեխաներ և հղիներ քիչ կան, կան տարեցներ, որոնք ռիսկի խմբում են, բայց պացիենտների գրեթե 80 %-ն առանց ախտանիշների են։ Բայց սա, ըստ նախարարի, չի նշանակում, որ նրանք այլ անձանց համար անվտանգ են, բացի այդ նրանք պետք է մնան հսկողության տակ, որ հնարավոր բարդություների դեպքում արագ բուժօգնություն ստանան։

Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը հայտնել է կորոնավիրուսով վարակված երեք բուժաշխատողի մասին։ Նախարարը նշեց, որ նրանց թիվն ավելացել է, թե կոնկրետ քա՞նի հիվանդ բուժաշխատող կա, չնշեց, բայց ասաց, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում՝ պացիենտի հետ շփվելու արդյունքում են վարակվել, այլ առօրյա կենցաղային կյանքի ընթացքում շփումների հետևանքով։

«Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ նրանց ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար։ Չեմ ուզում նսեմացնել ուրիշներին, բայց այս պահին նրանք մեր ամենակարևոր քաղաքացիներն են»,- ասաց Թորոսյանն ու ասուլիսի ընթացքում առաջին անգամ ժպիտ հայտնվեց դեմքին։

Իրավիճակի վերահսկելի լինելու մասին հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ իրականում կլինի դեպք, երբ այլևս հնարավոր չի լինի գնալ ցանկացած նոր դեպքի հետևից՝ գտնելու, թե որտեղից է առաջացել վարակը, բայց Հայաստանը դեռևս հեռու է այդ կետից։

«Մեր խնդիրն է՝ չհասնել այդ կետին։ Բայց եթե դա հնարավոր չլինի անել, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը միայն միջին ծանրության պացիենտներին է հոսպիտալացնելու, իսկ թեթև առողջական վիճակում գտնվող անձանց խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Այս պրակտիկան կիրառվել է շատ երկրներում, բայց մեր խնդիրն է՝ չհասնել այդ կետին։ «Մեր հասարակության, պետական կառավարման համակարգի ամբողջ ջանքը պետք է դրվի՝ այդ կետը անհասանելիորեն հեռվացնելու համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Լրագրողներից մեկն առցանց հարց էր ուղղել, թե արդյոք հնարավո՞ր է թեստավորել ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Նախարարը պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է, բայց ի՞նչ կտա դա։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ չի բացառվում, որ անձանց մոտ, որոնց թեստի պատասխանը բացասական կլինի, օրեր անց վարակ հայտնաբերվի, իսկ դա նշանակում է, որ բոլորին պետք է ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար թեստավորել։

Մենք մեծացնում ենք մեր հզորությունները՝ թեստավորման առումով, շուտով կհասնենք օրական 400-ից 500 թեստի, ավելի ուշ` նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի նախասրահում մեծ թվով մահճակալներ տեղադրելու հանգամանքին՝ Թորոսյանը նշեց, որ մահճակալներ առանձնացվել են ոչ միայն համալիրում, այլև այլ մարզերում մարզադահլիճներ ու դահլիճներ են առանձնացվել, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության, հնարավոր է նաև ծանր առողջական վիճակով պացիենտների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter