HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները օդանավակայանում սպասում են Հայաստան վերադառնալուն 

Արմեն Մարկոսյանն արդեն երեք օր է՝ գտնվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Արմենը սպասում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվող հատուկ չվերթին, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան։

Նա «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ օդանավակայանում արդեն 100-ից ավել հայեր կան, որոնք սպասում են՝ Հայաստան վերադառնալուն։

«Երկու-երեք օր է, որ մարդիկ շատացել են։ Արդեն 120 հոգի կլինեն օդանավակայանում։ Իրենք չեն ուզում գնան հյուրանոց։ Ասում են՝ մենք գետնին էլ կքնենք, նստարաններին էլ կքնենք, մենակ մեզ տրամադրեն թռիչքներ, գնանք հասնենք, մեր ընտանիքներին»,- ասաց Արմեն Մարկոսյանը։

Թեև դեսպանությունն Արմենին և շատ հայերի առաջարկել է տեղափոխվել հյուրանոց, սակայն նրանք հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ այնտեղ պայմանները բարվոք չեն, և եթե տեղափոխվեն հյուրանոց, հատուկ չվերթի կազմակերպումը կձգձգվի կամ չի կազմակերպվի։ Արմենը սակայն գիտի, որ հյուրանոցներում արդեն իսկ 60-ից ավել հայեր են տեղավորվել։

«Մենք որ գնանք հյուրանոց, ավելի շատ ենք մնալու այնտեղ։ Մեզ դրանից հետո չի տրամադրվելու չվերթ, որ գնանք տուն։ Գոնե էստեղ ժողովուրդը հավաքվում է, ուղիղ եթերներով իրենց ձայնը լսելի են դարձնում, ինքնաթիռ են տրամադրում, գնում են Հայաստան։ Մենք գնանք, էլ մեզ ոչ մի բան տրամադրող չեն»,- նշեց նա։

Արմենը պատմում է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներն ասել են՝ մինչ կիրակի հատուկ չվերթ չի լինելու, դրանից հետո եթե մոտ 200 հոգի ուղևոր լինի, միգուցե հնարավոր լինի չվերթ կազմակերպել։ 

Արմենը տեղեկացրեց, որ դեսպանության աշխատակիցները օդանավակայանում հավաքվածներին հորդորել են գնալ իրենց բարեկմաների տներ: Մինչ հատուկ չվերթ կկազմակերպվի, իրենց կտեղեկացնեն։ Արմենը թեև Մոսկվայում բարեկամներ ունի, սակայն չի կարող նրանց տուն գնալ, քանի որ համոզված չէ, որ վարակված չէ և նրանց էլ չի վարակի։

Արմեն Մարկոսյանը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, վերելակներ էր նորոգում։

Օրեր շարունակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված տասնյակ հայեր հույսով սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանցից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։ Նրանց վերադարձը կազմակերպելու համար սակայն դեռևս հատուկ չվերթ նախատեսված չէ։ 

Հայաստան վերադառնալ ցանկացող Արայիկ Եղիազարյանն այսօր առավոտյան է խոսել ՌԴ-ում Հայաստանի դեսպանության թեժ գծի աշխատակիցների հետ։ 

«Ասեցին՝ թռիչք չկա առայժմ։ Մինչ կիրակի չի լինելու, ու չասեցին՝ կլինի՞, թե՞ ոչ։ Ես էլ խնդրել եմ՝ դեսպանին փոխանցեն, որ այս հարցը կարգավորեն, որովհետև օդանավակայանում մոտ 130 մարդ կա»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Արայիկ Մարկոսյանը։

Արայիկը երեկ է եկել օդանավակայան, ասում է՝ սակայն մարդիկ կան, որ արդեն մեկ շաբաթ է օդնավակայանում են։ Նա նույնպես հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ կրկին պատճառաբանելով, որ այնտեղ պայմանները բարվոք չեն։

Արայիկը աշխատում էր Մոսկվայում: Նույնպես վերելակներ էր նորոգում։

«Դեսպանատան թեժ գծից առաջարկել են՝ եթե գործ չունես, գործ տանք կամ հյուրանոց։ Սաղ Մոսկվան փակ է, կարանտին է, ինձ չեն թողնի աշխատեմ։ Այնպես չէ անօթևան եմ, դուրսն եմ մնացել, եկել եմ, էստեղ քնեմ։ Ես ուզում եմ տուն գնամ»,- ասում է նա։

Արայիկ Եղիազարյանը վստահեցնում է՝ իրենք դեսպանությունից որևէ օգնություն չեն ուզում, միակ ցանկություն այն է, որ կազմակերպեն հատուկ չվերթ, վերադառանան Հայաստան:

Երեկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուք էջում օգտատերերից մեկին հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ առաջիկայում դեպի Հայաստան թռիչքներ չեն նախատեսվում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնեն։

Դեսպանությունը նաև գրառում էր կատարել՝ աշխատանքի օժանդակության առաջարկելով արտագնա աշխատանքի մեկնած հայերին.

«Դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]»,- գրառման նշել էր դեսպանությունը։

Լուսանկարներն արվել են այսօր՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում

Մեկնաբանություններ (1)

Penguin
......doesn’t want to risk infecting them or getting infected himself..... But how about "social distancing"? One of the golden rules to prevent getting infected. I see men as close to each other as merely centimeters.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter