HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արտոնյալ վարկեր կտրամադրվեն աջակցության կարիք ունեցող ընկերություններին և գյուղացիական տնտեսություններին

Աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն կայացնել նաև երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ, որոնք հետագայում պետք է նպաստեն տնտեսությունների հզորացմանը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք արդեն իսկ մի շարք ծրագրեր ունեն։

«Առաջինը մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք, մեր տնտեսությանը և տնտեսվարողներին, բայց այդ աջակցությունը առաջին հերթին տնտեսվարողների միջոցով պետք է ուղղված լինի մարդկանց։ Արդեն իսկ պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք՝ իրենց աշխատողներին աշխատավձեր վճարելու համար, հարկային պարտավարություններ կատարելու համար, հումք ներկրելու համար, արտադրությունը կազմակերպելու համար և իհարկե, ռազմավարական ներդրումներ անելու համար»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում բանկերը կարող է հակված չլինեն վարկային միջոցներ տրամադրել, քանի որ դրանք կարող են ռիսկային լինել։

«Այս խնդիրը լուծելու համար մենք որոշել ենք, որ կառավարությունը տարբեր նախագծերում 30-ից մինչև 50-60 տոկոս մասնակցություն կունենա ֆինանսավորմանը, և իհարկե, բոլոր դեպքերում կսուբսիդավորի վարկերը, որպեսզի փողը տնտեսվարողների համար լինի ձրի, և նրանք հավելյալ վճարումներ անելու անհրաժեշտություն չունենան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասում է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջանում լրջորեն պետք է խթանել գյուղացիական տնտեսություններին, որպեսզի աշխատանքները ոչ միայն ամբողջ ծավալով իրականացվեն, այլև նորանոր ներդրումներ արվեն գյուղատնտեսության ոլորտում։

«Մենք պատրաստվում ենք զրոյացնել մեր բոլոր ծրգարերով վարկային միջոցների հասանելիությունը, այսինքն՝ տոկոսները զրոյացնել։ Խոսքը վերաբերում է այն զարգացման ծրագրերին, որ մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ կաթիլային ոռոգում, խելացի անասնագոմեր, այգիների հիմնում, ջերմոցային տնտեսություններ։ Այս ճգնաժամի համատեքստում մենք ևս մեկ-երկու ծրագիր կավելացնենք»,- ասաց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ դեպքերում նույնպես բանկերը կարող է չցանկանան վարկեր տրամադրել գյուղացիներին, սակայն կառավարությունը կաջակցի այն մարդկանց, որոնք կզբաղվեն կառավարության առաջարկած գյուղատնտեսական ծրագրերով։ Գործադիրը նախ այդ ծրագրերով տոկոսները կզրոյացնի, ապա նաև ֆինանսական մասնակցություն կցուցաբերի՝ մինչև 30 տոկոս։

«Այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան այն գյուղացիները, որոնք կունենան դրական վարկային պատմություն․․․ իսկ այն մարդիկ, ովքեր չունեն լավ վարկային պատմություն, առաջարկում ենք, որ համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60 և նույնիսկ 70 տոկոսով։ Այս ուղղությունը առաջիկայում կկոնկրետացնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter