HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն. Փաշինյան․ «Մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի»

Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համավարակային իրավիճակը Հայաստանում  էականորեն բարելավվել է և բարելավվում է։ Այս մասին Կառավարության հուլիսի 30-ի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք։ Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877-ն են։ Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թվեր չենք ունեցել։ Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք, և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր։ Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»։

Վարչապետն ընդգծեց պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես այնտեղ, որտեղ  կա քաղաքացիների ընդունելություն։ Սոցիալական հեռավորության պահպանումը ոչ միայն պետք է լինի մուտքից ներս, դրսում նույնպես հերթերը պետք է կարգավորվեն։

Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունքն է․

«Ի վերջո, պիկն այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին։ Այդ պահին թվերն արդեն այնքան ահագնացող էին, որ հանրության համար ունեցան սթափեցնող ազդեցություն։ Ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է, և այն  մյուս ջանքերը դարձնում է ավելի արդյունավետ»։

Վարչապետը քաղաքացիներին խնդրեց հոգեհանգստի արարողությունների ժամանակ լինել ծայրահեղ ուշադիր  և պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Ցավոք, վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը  ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը մի կողմից սա հնարավորություն դիտարկեց հայրենագիտական գիտելիքները մեծացնելու, մյուս կողմից ընդգծեց, որ տեսչական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը, և նշեց, որ լավատեսական ուղերձները նրա համար են, որ ավելի զգոն լինենք, մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter