
ՀՀ քաղաքացիների հերթական խումբը Մոսկվայից որոշ ուշացումով, բայց վերադառնում է հայրենիք
Ռուսական «Red Wings» ավիաընկերությունն այսօր հերթական չարտերային չվերթն է իրականացնում դեպի Երեւան: «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնարկող չվերթի մասին երեկ հայտարարել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ նշելով, որ օդանավով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ այսօր «Հետքին» հայտնել է 220 վերադարձողների մասին:
Սա Ռուսաստանից կազմակերպվող 8-րդ տեղափոխությունն է: Մինչ այս ՀՀ քաղաքացիների 4 խումբ Երեւան է տեղափոխվել Մոսկվայից, 1-ական՝ Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից, 1 խումբ էլ տեղափոխվել է Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթով:
Նկատենք, որ նախորդ 7-ից 3 թռիչք (Մոսկվա-Երեւան ուղղությամբ) իրականացրել է հենց «Red Wings»-ը:
Այսօրվա չվերթը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 15:40-ին (Երեւանի ժամանակով՝ 16:40-ին), իսկ ժամանումը Երեւան՝ տեղական ժամանակով 19:25-ին: Բայց ինքնաթիռը օդ է բարձրացել քիչ առաջ՝ Մոսկվայի ժամանակով 18:07-ին, հետեւաբար նախատեսվածից ավելի ուշ կհասնի Երեւան: «Զվարթնոցի» կայքը նշում է, որ վայրէջքը Երեւանում կկայանա 21:15-ին:
Մեկնաբանել