HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տիգրան Ավինյանը հույս ունի, որ ապրիլի կեսից կամ մայիսի սկզբից քաղաքացիները կվերադառնան բնականոն կյանքին

Կառավարության նպատակն է վարակի կանխարգելման աշխատանքներն այնքան արդյունավետ դարձնել, որ առկա սահմանափակումներից քիչ-քիչ հրաժարվեն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«10 օրով երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման և մեկուսացման աշխատանքները, օգնել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որոնք շփում են ունեցել վարակակիրների հետ և ինքնամեկուսացնել այդ անձանց: Այս գործընթացին համահունչ մենք ավելացնելու ենք թեստավորումների քանակը, և մեր նպատակն է այս պրոցեսին համահունչ հետագայում նաև նվազեցնել սահմանափակումները: Այս շաբաթվա սահմանափակումները ամենացայտուն կերպով տեսանելի էին կիրակի օրը, և տարբեր ցուցանիշներով մենք համոզվել ենք, որ մարդկանց տեղաշարժը էականորեն նվազել է, և կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ ցուցանիշ մարդկանց տեղաշարժի առումով, սակայն մենք հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումներն անվերջ շարունակվել չեն կարող»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Մարդկանց տեղաշարժերի և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներն այսօր երկարաձգվեցին ևս 10 օրով, և Տիգրան Ավինյանն ասում է, որ  այդ օրերի ընթացքում սահմանափակումներն էլ ավելի են խստացվելու:

«Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- շեշտեց փոխվարչապետը:

Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը, եթե իրավիճակը բարդանա, և հնարավո՞ր է արդյոք որ արտակարգ դրության ռեժիմը ապրիլի 14-ից հետո երկարաձգվի, պարետ Տիգրան Ավինյանը նշեց հետևյալը.

«Մեր գնահատականներով՝ մենք մոտեցել ենք երկրորդ փուլի վերջին, և մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը: Այս ընթացքում տեղորոշման աշխատանքներին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի բոլոր հնարավոր սահմանափակումները, իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումներ, պարտադրելու ենք անվտանգության և սանիտարահամաճարակային բոլոր կանոնների պահպանումը աշխատող սուբյեկտների համար, ավելացնելու ենք վերահսկողության մեխանիզմները և կիրառելու ենք տարբեր տույժեր և տուգանքներ: Ապրիլի 14-ից հետո հույս ունենք, որ այնքան էֆեկտիվ գործիքներ կկարողանանք զարգացնել, որոնք մեզ թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ աշխատանքներն իրականացնել: Այդ գործիքներն արդեն իսկ առկա են: Դրանցից մեկը բջջային հավելվածն է, որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է sms հաղորդագրություն, որը պարունակելու է հղում: Դրա վրա սեղմելով՝ մեկուսացված անձը դեմքի ճանաչելիության գործիքով հաստատելու է իր անձը, և նրա տեղադիրքի մասին տեղեկությունն ուղարկվելու է համակարգին»,- նշեց պարետը:

Տիգրան Ավինյանը հույս ունի, որ 4-րդ փուլում աստիճանաբար հանելով բոլոր սահմանափակումները՝ ապրիլի կեսերից կամ մայիսի սկզբից քաղաքացիներն ամբողջապես կվերադառնան բնականոն կյանքին, եթե կանխարգելման և մեկուսացման աշխատանքները կառավարությունն իդեալական իրականացնի:

Անդրադառնալով գործող սահմանափակումները խախտող անձանց վերաբերյալ վարչական իրավախախտումների արձանագրություններին, փոխվարչապետն ասաց, որ եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, ինքը այդ մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ յուրաքանաչյուր դեպքով վարչական վարույթներ են իրականացվելու և կայացվելու են անհատական որոշումներ: Տիգրան Ավինյանը շեշտեց, որ տուգանքներն ինքնանպատակ չեն: Նշենք, որ մարտի 31-ի 12:00-ի դրությամբ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել 3545 անձի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter