HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

22 լրատվամիջոցի նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ է ներկայացվել

Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումից հետո պարետատան պահանջով ոստիկանությունը շարունակում է հեռախոսազանգով կամ այցելություններով պահանջել լրագողներից, սոցիալական ցանցերի օգտատերերից հեռացնել «խուճապ առաջացնող» հրապարակումներն ու գրառումները:

«Հետք»-ն արդեն անդրադարձել է «Առավոտ» և «Հրապարակ» թերթերի խմբագիրներին ներկայացված պահանջին:

Այս ընթացքում նման պահանջ է ներկայացվել մի շարք այլ լրատվամիջոցների, օգտատերերի: Զերծ չեն մնացել նաև բժիշկները, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով մասնագիտական խորհուրդներ են տվել քաղաքացիներին՝ մատնանշելով այլ երկրներում տիրող մտահոգիչ իրավիճակները:

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց կարգապահությամբ օգնել բժիշկներին: Բժիշկը նաև խստագույն միջոցներ ձեռնարկելու կոչով դիմել էր կառավարությանը՝ հիշեցնելով աշխարհում, հատկապես՝ Եվրոպայում իրավիճակի սրընթաց վատթարացման մասին:

Սակայն, այդ գրառումը ոստիկանության պահանջով հեռացվել է վիրաբույժի ֆեյսբուքյան էջից, քանի որ գնահատվել է «խուճապածին»:

Արտավազդ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքը պնդում է:

«Չեմ  ուզում իմ ասածի շուրջ այդքան իրարանցում առաջանա, որովհետև մարդիկ առանց այդ  էլ ներվայնացած են: Թեթև եմ այդ ամենին նայում, որպես բժիշկ եմ նայում»,-նշեց Ա. Սահակյանը:

Հարցին, թե ոստիկանության որոշումն արդյոք կաշկանդե՞լ է վիրաբույժին, Ա. Սահակյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ո՞նց  կարող է ինձ կաշկանդել, եթե ես բժշկական գործունեություն եմ ծավալում, այլ ոչ թե քաղաքական: Ես միշտ էլ իմ գիտելիքները, կարծիքը, որը օգտակար է հասարակությանը արտահայտել եմ, արտահայտում եմ: Իմ գրածի մեջ ոչ մի հակապետական բան չկար»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր «Եվրոնյուզ» կայքի նյութն այն մասին, թե ինչպես են գիշերը թաղում իտալական Բերգամո քաղաքում մահացածներին: Ոստիկանության պահանջով այդ նյութը ևս հեռացվել է:

Հեռացվել է նաև NewArmenia.am կայքի լրագրող Մարինե Խառատյանի գրառումը: Լրագրողը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին կայքում չի գրել, պարզապես սոցիալական ցանցում գրառում է կատարել կորոնավիրուսի թեմայով: Սկզբում զանգել, ապա մի քանի ժամ անց իրենց տուն են այցելել երկու ոստիկաններ և պահանջել հեռացնել գրառումը:

Մարինեի փոխանցմամբ՝ ոստիկաններն իրեն որևէ որոշում, ծանուցում չեն տվել, պարզապես հեռախոսով ցույց են տվել արտակարգ դրության մասին որոշման սահմանափակումների հատվածը:

«Միայն ասել են՝ գրառումը երկրում խուճապ է ստեղծել ու պարետի անունից խնդրում ենք հեռացնել: Ասացին՝ կմնանք ձեր տանն այնքան, մինչև հեռացնեք գրառումը»,-հավելեց լրագրողը:

Կորոնավիրուսին վերաբերող նյութերը հեռացնելու պահանջ է ներկայացվել նաև «168.am», «Armday.am», «Tert.am», «Փաստինֆո» թերթերին:

Մեզ հետ զրույցներում մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ ասացին, որ թեև ոստիկանությունից հեռախոսազանգ չեն ստացել, սակայն չեն բացառում, որ ծանուցագրեր ուղարկված լինեն խմբագրություններ: Քանի որ թերթերի մի մասն աշխատում է տան պայմաններում, տեղեկություններ չունեն ծանուցագրերի մասին:

«Փաստինֆո» թերթի խմբագիր Սոնա Տռուզյանը «Հետքին» փոխանցեց, որ թերթի հրապարակումների վերաբերյալ ներկայացվել է մեկ պահանջ, որի հետ համակարծիք չլինելով հանդերձ՝ հեռացրել են:

Նյութը վերաբերել է Էջմիածին քաղաքի բնակչի ահազանգին, որ վատառողջ է, սակայն պատշաճ բժշկական ստուգման չի ենթարկվել:

«Չենք կարծում, որ քաղաքացու ահազանգը իրավասու մարմիններին լսելի դարձնելը որեւէ կերպ խուճապ է առաջացնում, առավել ևս, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացվել էր ահազանգի մասին, փոխանցվել էին կնոջ տվյալներն, ու հարցը արագ ստացավ լուծում, ինչի մասին նաև առանձին նյութ ենք պատրաստել։ Վստահ լինելով, որ միջին օղակներում չարաշահվում է արտակարգ դրության մասին որոշումը, այդուհանդերձ, կատարել ենք օրենսդրության պահանջը: Բայց գրավոր դիմել ենք ՀՀ պարետին՝ ներկայացնելու, թե արդյոք ստեղծվել է աշխատանքային խումբ, դրա կազմում ընդգրկվել են, արդյոք, մասնագետներ, օրինակ՝ սոցիալ-հոգեբաններ, որոնք ունեն համապատասխան որակավորում՝ պարզելու՝ այս կամ այն նյութը առաջացնո՞ւմ է խուճապ, թե ոչ, ինչ չափորոիչներով է որոշվում խուճապի առաջացումը»,-ասաց Սոնա Տռուզյանը։

«Հետք»-ը ոստիկանությունից փորձեց իմանալ, թե արտակարգ դրություն հայտարարելուց հետո քանի՞ լրատվամիջոցի է նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ ներկայացվել, սոցիալական կայքերից գրառումները հեռացնելու քանի՞ պահանջ է ներկայացվել ֆիզիկական անձանց։ Բացի այդ, ոստիկանությունն ինչի հիման վրա է նման պահանջ ներկայացնում և ինչպես է գնահատում՝ խուճապ առաջացնո՞ղ է հրապարակումը, թե ոչ։ Եվ առհասարակ՝ ի՞նչ ասել է «խուճապ առաջացնող»:

Լրատվական բաժնից փոխանցեցին, որ այդ հարցերի պատասխանը ստանանք ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանից՝ այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Հայկ Մհրյանն ասուլիսի ժամանակ պատասխանելով «Հետք»-ի հարցերին՝ նշեց, որ եթե չի սխալվում՝ 22 լրատվամիջոցի հետ ոստիկանության ստորբաժանումներն աշխատել են, հորդորել են, որ կառավարության, մասնավորապես՝ պարետի ցուցումներին և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները հեռացվեն:

Հարցին, թե քանի ֆիզիկական անձի է պահանջ ներկայացվել սոցիալական կայքերից գրառումները հեռացնելու մասին, Հ. Մհրյանն ասաց, թե իր մոտ առանձին հաշվարկներ չկան, դրանք կիրականացվեն և ավելի ուշ կփոխանցվեն լրատվամիջոցին:

«Խուճապ առաջացնող» տեղեկության գնահատման մասին հարցին պրն Մհրյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա: Իսկ պարետի գործողությունները սահմանվում են կառավարության որոշումով»:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշմամբ սահմանափակումներ են մտցվել: Մասնավորապես՝  ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, երկրի սահմաններում, ինչպես նաև հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի վերաբերյալ հրապարակումները կատարվում են միայն պարետատան տրամադրած տեղեկատվությանը հղում կատարելով: Նույն եղանակով է հրապարակվում նաև վարակի թեստավորում անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում:

Կառավարության որոշման համաձայն՝ հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն: Իսկ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Լուսանկարում (աջից)՝ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter