HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անհանգստություն մեդիադաշտում. երկու լրատվամիջոցից պահանջել են հեռացնել «կորոնավիրուսի վերաբերյալ խուճապ առաջացնող տեղեկությունները»

«Առավոտ» և «Հրապարակ» թերթերի խմբագիրներին ոստիկանությունը պահանջ է ներկայացրել լրատվամիջոցների կայքերից հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ խուճապ առաջացնող տեղեկությունները:

«Հրապարակ»-ը լուր էր հրապարակել, որ քրեակատարողական հիմնարկներում արգելվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց հանձնուքների փոխանցումը, ինչը դժգոհություն է առաջացրել վերջիններիս մոտ: Իսկ «Առավոտ»-ը հայերեն թարգմանությամբ ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակը՝ կապված կորոնավիրուսով վարակվածների, մահացության դեպքերի հետ:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում` 500-800 հազար դրամի չափով: Գումարի այս չափը կաշկանդող է, և շատ լրատվամիջոցներ ստիպված են «վեճի» չբռնվել կառավարության հետ ու հեռացնել նյութերը՝ մտավախություն ունենալով, որ տուգանքի ենթարկվելու դեպքում կհայտնվեն ֆինանսական վատ վիճակում:

«Այնուամենայնիվ, հասկանում ենք իրավիճակի նրբությունը, թեև չենք կիսում այն գնահատականը, որ "Эхо Москвы" ռադիոկայանում Վալերի Սոլովեի արած մեկնաբանությունը, որ Ռուսաստանում թաքցվում են դեպքերը, դա հրապարակելով՝ կարող էր խուճապ տարածվել, մանավանդ հայ հանրության մոտ: Մանավանդ այն համահունչ էր Նիկոլ Փաշինյանի նույնատիպ գրառմանը, որ այլ երկրներ գուցե ճիշտ չեն ասում թվերը: Թե հետագայում ինչ քայլեր կարվեն, դեռ չենք որոշել, քննարկել, քանի որ տանից ենք աշխատում»,-ասաց Աննա Իսրայելյանը:

«Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրը նաև հավելեց՝ քանի որ տնից են աշխատում, չեն ստացել նաև ծանուցագիր, իրավական ճանապարհով գնալու համար հիմքերն էլ չկան, պարզապես ոստիկանությունից տեղեկացրել են հեռախոսազանգով՝ չբացառելով ավելի ուշ ծանուցագրի ուղարկումը:

Աննա Իսրայելյանը նշեց, որ նյութը բաղկացած է եղել երկու մասից: Հեռացվել է միայն Ռուսաստանին վերաբերող մասը, քանի որ մյուս մասը եղել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն է եղել: Նյութի վերջում խմբագրությունը կատարել է գրառում, թե ինչ պատճառով է նյութը խմբագրվել:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշմամբ սահմանափակումներ են մտցվել նաև լրատվամիջոցների նկատմամբ: Մասնավորապես՝  ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, երկրի սահմաններում, ինչպես նաև հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի վերաբերյալ հրապարակումները կատարվում են միայն պարետատան տրամադրած տեղեկատվությանը հղում կատարելով: Նույն եղանակով է հրապարակվում նաև վարակի թեստավորում անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում:

Կառավարության որոշման համաձայն՝ հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն: Իսկ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Բորիս Նավասարդյան. «Այլընտրանքային աղբյուրների բացակայությունը և կառավարության կողմից սահմանափակ տեղեկատվության տարածումը կարող է խուճապ առաջացնել»

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ չունի, թե արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումից հետո քանի լրատվամիջոցի է նման պահանջ ներկայացվել, քանի որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են նման տեղեկությունները հրապարակում: Սակայն, ստացված կոնկրետ տեղեկությունները, լրատվամիջոցներին դիմելու առիթը, պատճառն արդեն անհանգստացնող են: Ավելի անհանգստացնող է, երբ չկա նույնական մոտեցում: ԵՄԱ նախագահի դիտարկմամբ՝ կան տեղեկություններ, որ տարածվում են և որևէ մեկը հեռացման պահանջ չի ներկայացվում, իսկ մյուսներին ներկայացվում է:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ այդ տարբերակված մոտեցումը հնարավոր է չունի դիտավորություն, քանի որ հնարավոր չէ ամբողջ տեղեկատվությունը վերահսկել:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ կառավարությունը, ելնելով իրավիճակից, ինքն է որոշում, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկի տեղեկատվության տարածման սահմանափակման համար: Սակայն, կասկածելի է ընտրված միջոցի համաչափությունը:

«Կարծում եմ՝ Հայաստանում տեղեկատվության տարածման առումով ծայրաստիճան բարդ իրավիճակ չէր խուճապ առաջացնելու, տարածելու առումով, որ այդպիսի խիստ միջոց է ընտրվել: Կարելի էր շատ ավելի փափուկ միջոցներով հարցը լուծել, մանավանդ, որ չի կարելի ասել՝ անհանգստությունը բնակչության մոտ մեծ է, կամ կա որևէ անվստահություն կառավարության կողմից տրամադրվող ինֆորմացիայի նկատմամբ, և լսարանի կողմից լրատվամիջոցների այլընտրանքային աղբյուրների որոնման անհրաժեշտություն կար»,-նշեց Բորիս Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ սահմանափակում մտցնելը ընդունելի մոտեցում է, սակայն պարտադիր չէ, կառավարությանը որևէ մեկը չէր պարտադրում տեղեկատվության հոսքերը սահմանափակել, նույնիսկ, եթե արտակարգ դրություն է հայտարարվել:

Հարցին, թե տեղեկատվության մեկ, տվյալ դեպում՝ պաշտոնական աղբյուրից փոխանցված տեղեկատվության մատուցումը հասարակությանը արդյոք անվստահություն չի՞ առաջացնում, քանի որ չկա այլընտրանք, Բ. Նավասարդյանը պատասխանեց. «Տեսականորեն, հնարավոր է: Խուճապ կարող է առաջացնել ոչ միայն չստուգված տեղեկությունների տարածումը, այլև տեղեկատվության պակասը: Եթե նույնիսկ այս պահին վարչապետը մանրամասն ներկայացնում է իրավիճակը, սակայն կարող է փոխվել իրավիճակը և կառավարությունը չուզենա կամ հնարավորություն չունենա այն ամբողջական տեղեկատվությունը տրամադրել, որը հետաքրքրում է հանրությանը: Այս պարագայում այլընտրանքային աղբյուրների բացակայությունը և կառավարության կողմից սահմանափակ տեղեկատվության տարածումը կարող է առաջացնել խուճապ»:

Մոտ երեք տասնյակ լրատվամիջոցների խմբագիրներ դիմել են արտակարգ դրության պայմաններում պարետի «պաշտոնը» զբաղեցնող Տիգրան Ավինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե, օրինակ, պատասխանատվության ինչ միջոցներ են նախատեսվում ԶԼՄ-ների համար, կամ՝  վերջիններս կարո՞ղ են հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց՝ վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում, արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես Հայաստանի պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություններն են, եթե այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները և այլն:

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբան Վահե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե կան իրավունքի որոշակի սահմանափակումներ, ապա այդ սահմանափակումների իրականացումը պետք է ապահովվի իրավաչափորեն: Ըստ նրա՝ պետք է գնահատման արժանացնել սահմանափակումներն իրականացնելու իրավաչափությունը, թե որքանով է այդ կարգը գնահատողականությունից և սուբյեկտիվ հայեցողությունից դուրս, որպեսզի հետագայում վիճարկելու և հակադրվելու համար հիմք հանդիսանա:

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ առհասարակ արտակարգ դրությունը նախատեսում է սահմանադրական իրավունքների սահմանափակում: Ընդ որում, այդ սահմանափակումը, տվյալ պարագայում նախատեսված է կառավարության որոշման մեջ:

«Իրավաբանական տեսանկյունից իրավունքի սահմանափակման վերաբերյալ որոշում կայացնելն իրավաչափ է, սակայն քանի որ «խուճապ առաջացնելը» և «խուճապ» հասկացությունները գնահատողական կատեգորիա են, այստեղ կարող ենք գործ ունենալ որոշակի սուբյեկտիվ հայեցողության հետ: Քանի որ  արտակարգ իրավիճակներում պետք է հսկողությունը և ընդհանրապես պրոցեսների կառավարման աստիճանը բարձրացվի, ավելի ճիշտ է կանխման գործընթաց իրականացնել, այլ ոչ թե հետագայում պայքարել դրա հետևանքների դեմ»,-նշեց Վ. Հովհաննիսյանը:

Իրավաբանի խոսքով, լրատվամիջոցների՝ որոշ ուղղություններով հրապարակումներն արգելելը, սահմանափակելը կամ դրանք հեռացնելը կարող է ինքնին մտահոգությունների, խուճապի տեղիք տալ: Վ. Հովհաննիսյանի ասելով՝ ներկայումս հասարակության մեջ խուճապ չի նկատում, սակայն 1-2 հրապարակումները կարող են խուճապ առաջացնել, ինչը պետք է դիտարկվի պատճառահետևանքային կապի մեջ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիրքորոշումն այն է, որ լրատվամիջոցների աշխատանքի անհամաչափ սահմանափակումներ չեն կարող լինել։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց Պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«Արտակարգ դրության պայմաններում օրենքով սահմանվում է կարծիքի ազատության սահմանափակման հնարավորություն։ Կոնկրետ կառավարության որոշմամբ տրված սահմանափակումների մասով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է նպատակ ունենան տրամադրելու մեր հասարակությանը համաճարակի վերաբերյալ ճշգրիտ և պաշտոնական աղբյուրներից բխող տեղեկատվություն, և սահմանափակումները պետք է մեկնաբանվեն և գործնականում կիրառվեն հենց այդ իրավաչափ նպատակի շրջանակում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է մեդիա մոնիտորինգ և, հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացրած մի շարք մտահոգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է առանձին ուսումնասիրություն և հանդես կգա դիրքորոշմամբ»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Գլխավոր լուսանկարը՝ www.dhakatribune.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter