HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ ներկայացուցիչ. «Ոչ ոք ոչ ոքի չի դրդում վարկերի»

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ներկայացուցիչը հորդորում է չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին և վստահել դրամին։

«Հայաստանի ֆինանսական համակարգը կապիտալով բավականին հագեցված և իրացվելի է։ Կարող է ցանկացած պահի և ցանկացած զարգացման դեպքում սպասարկել տնտեսությանը։ Այնուամենայնիվ, ԿԲ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ֆինանսական համակարգին ապահովելու համապատասխան իրացվելիությամբ»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ 2019 թվականը ֆինանսական համակարգը փակել է լավ ցուցանիշներով։ Լավ տեմպեր են գրանցվել նաև 2020 թվականի սկզբին՝ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը։ Սակայն դեռևս մարտի սկզբից, երբ կային նշույլներ, որ կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա կարող է ունենալ ազդեցություն, Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի հետ սկսել է արդեն ամենօրյա քննարկումներ հնարավոր քայլերի ուղղությամբ, որ օգնեն մեղմել տնտեսության վրա բացասական ազդեցությունը։

«Հիմնական քայլերից մեկն այն էր, որ բանկերը և վարկային կազմակերպությունները հայտարարեցին, որ պատրաստ են հաճախորդների հետ աշխատելու անհատական մոտեցմամբ, որպեսզի վերանայեն հաճախորդների վարկերի մարումների ժամկետները, որպեսզի հաճախորդները չունենան խնդիրներ իրենց պարտավորությունների սպասարկման հետ կապված»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը։

Հաջորդ քայլը, նրան խոսքով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն էր, որը նպատակ ունի խթանել բանկերի կողմից տնտեսության ֆինանսավորումը։ Կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ դարձնելով 5․25%։

Անդրանիկ Գրիգորյանը նշում է, որ ԿԲ-ն աշխատեց բանկերի հետ, որ ծրագրային հիպոթեքային վարկերը և միջազգային ծրագրերով տրամադրված բիզնես վարկերը վերանայվեն այնպես, որ հնարավորություն տրվի հաճախորդներին մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգել մարումները։ Սա էլ իր հերթին հնարավորություն կտա նրանց կուտակել լրացուցիչ կանխիկ միջոցներ իրացվելիության խնդիրները լուծելու համար։

«Որոշում կայացվեց նաև վերանայելու բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտար բանկային համակարգին փոքր-ինչ ավելի ճկուն կերպով սպասարկելու տնտեսությանը՝ տրամադրելու վարկեր, ինչպես նաև՝ իրականացնել կառավարության օժանդակության ծրագրերով սահմանված վարկավորումը»,- ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը ։

Անդրադառնալով  փոխարժեքի՝ վերջին շրջանում գրանցված կտրուկ տատանումներին, Անդրանիկ Գրիգորյանը  հորդորեց չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին եւ վստահել դրամին: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը վերջերս միջամտեց` կտրուկ տատանումների հետևանքները մեղմելու համար. «Ինչպես տեսնում ենք, սա իր արդյունքներն է տալիս, եւ դրամի փոխարժեքը վերադառնում է իր նախկին ցուցանիշներին»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով կառավարության օժանդակության ծրագրերին մասին և պատասխանելով հարցին՝ արդյոք այդ ծրագրերի շրջանակներում,  քաղաքացիներին «դրդելով» վարկեր վերցնել, հետճգնաժամային շրջանում չե՞ն առաջանա ֆինանսական կայունության ռիսկեր, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց.

«Ոչ ոք ոչ ոքի չի դրդում վարկերի։ Ընդհակառակը՝ մեր կառավարությունը պարզապես հնարավորություն է ստեղծել բիզնեսին` օգտվելու ֆինանսական միջոցներից։ Նման ճգնաժամերի ժամանակ, սովորաբար, իրական հատվածի կազմակերպությունները ունենում են իրացվելիության ռիսկեր, և կառավարությունն այստեղ ստեղծել է օժանդակության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կազմակերպություններին լրացնել իրենց իրացվելիության բացը»։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter