
Դոլարը դանդաղ «նահանջում է»
Վերջին մեկ շաբաթում ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ դանդաղ տեմպերով նվազում է։
Ըստ rate.am հարթակում ներկայացված փոխարժեքների` հայաստանյան բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, 1 ԱՄՆ դոլարը գնվում է 488-492 դրամով (միջինը՝ 490.18 դրամ), վաճառվում է 496-500 դրամով (միջինը՝ 498.15 դրամ): Համեմատության համար նշենք, որ վերջին օրերին դոլարի վաճառքը հատել էր նաև 510-ի շեմը։
Իսկ փոխանակման կետերում դոլարը գնվում է 490-492.5 դրամով, վաճառվում՝ 493-496 դրամով։
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ ապրիլի 7-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 499.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.18 դրամով։ Ապրիլի 1-ին այն կազմել է 504.96 դրամ։
Հիշեցնենք, որ դոլարը սկսել է թանկանալ մարտի սկզբից։ Մասնագետները դա բացատրում են բնակչության սպասումներով և սպեկուլյատիվ գործողություններով։ Որոշ շրջանակներ, որոնք զբաղվում են տարադրամի առուվաճառքով, հայտարարություններ են շրջանառում, որ դոլարի գինն ավելի է բարձրանալու: Դա ստիպել է մարդկանց ավելի շատ դոլար գնել։ Դրանով դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրացել է, հետևաբար բարձրացել է նաև դոլարի գինը։
Իսկ վերջին օրերի նվազումը կարող է նշանակել, որ դոլարի նկատմամբ պահանջարկը աստիճանաբար նվազում է։
Իսկ 1 ռուսական ռուբլին այսօր՝ ժամը 12։00-ի դրությամբ, բանկերում գնվում է 6.30-6.46 դրամով (միջինը՝ 6.41 դրամ), վաճառվում՝ 6.68-6.90 դրամով (միջինը՝ 6.78 դրամ)։
Եվրոն գնվում է 593-603 դրամով (միջինը՝ 598.88 դրամով), վաճառվում է 611-624 դրամով (միջինը՝ 618.31 դրամ)։
Մեկնաբանել