HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ վարքագիծ են դրսևորում դրամն ու հարևան երկրների արժույթներն այս օրերին

Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակը որոշ մասնագետներ համարում են ճգնաժամ,  իսկ ոմանց կարծիքով սա դեռևս ճգնաժամ չէ։ Բոլոր դեպքերում, առողջապահական խնդիրներն այսօր նաև տնտեսական են դարձել. աշխարհի տնտեսությունները ներքին ու արտաքին մարտահրավերի առաջ են կանգնած։ 

Արտարժույթի շուկան առաջիններից է արձագանքում տնտեսական ռիսկերին ու արդեն իսկ տեղ հասած ազդեցություններին։ «Հետքի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թե ՛ Հայաստանի, թե՛ հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի ու Թուրքիայի ազգային արժույթներն այս օրերին արժեզրկվում են։ Միայն ադրբեջանական մանաթն է, որ կայուն դինամիկա ունի, որն էլ, ըստ միջազգային փորձագետների, արհեստական կայունություն է։ 

Պարբերաբար ցնցումների է ենթարկվում ռուսական ռուբլին, որն ազդում է նաև հետխորհրդային երկրների արժույթների վրա։  

Հայաստանում դոլարը թանկանում է, ռուբլին՝ էժանանում

Հայկական դրամը վերջին տարիներին բավականին կայուն է։ Դրամի փոխարժեքի վերջին էական ցնցումը գրանցվել է 2014 թվականի դեկտեմբերին, երբ այն կտրուկ արժեզրկվեց դոլարի նկատմամբ՝ 420 դրամի սահմանագծից հասնելով ընդհուպ մինչև 530 դրամի։ Դրանից հետո դրամը որոշակիորեն արժևորվեց, բայց չվերադարձավ նախկին մակարդակին։

Այս տարվա սկզբում 1 ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն, ըստ Կենտրոնական բանկի, 480 դրամի սահմաններում էր։ Դոլարի զգալի թանկացում է նկատվում մարտի 9-ից։ Վերջին երկու շաբաթում այն հատեց 490 դրամի շեմը։ Կենտրոնական բանկի ներկայացրած վերջին տվյալներով՝ մարտի 20-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է արդեն 493.58 դրամ։ 

Այսպիսով, տարվա սկզբի համեմատ մարտի 20-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է  2.9%-ով, իսկ մարտի սկզբի համեմատ՝ 3.1%-ով։

Ինչպես վկայում են բանկերի ու փոխանակման կետերի ներկայացրած փոխարժեքները, դոլարը շարունակել է թանկանալ նաև հանգստյան օրերին՝ մարտի 21-ին և այսօր։ 

Վերջին օրերին դրամի նկատմամբ դոլարի թանկացումը մասնագետները բացատրում են բնակչության սպասումներով և սպեկուլյատիվ գործողություններով։ Որոշ շրջանակներ, որոնք զբաղվում են տարադրամի առուվաճառքով, հայտարարություններ են շրջանառում, որ դոլարի գինն ավելի է բարձրանալու, դա ստիպում է բնակչության մի խմբի գնալ ու դոլար գնել, շուկայում նվազում է դոլարի քանակն ու հանգեցնում է դրա թանկացմանը։ 

Ստորև տեղադրված ինֆոգրաֆիկայում դրամի միջին փոխարժեքներն են եվրոյի, դոլարի և ռուբլու նկատմամբ։ Աղբյուրը Հայաստանի կենտրոնական բանկն է։

Ինչպես երևում է, եվրոն փետրվարի վերջերից սկսել է թանկանալ, իսկ մարտի կեսերից՝ էժանանալ։

Անկում է ապրել ռուբլու փոխարժեքը։ Այլ խոսքով՝ դրամը ռուբլու նկատմամբ արժևորվել է։ Եթե այս տարվա սկզբում 1 ռուբլին արժեր միջինում 7.75  դրամ (1000 ռուբլին՝ 7750 դրամ), ապա մարտի 20-ի դրությամբ այն կազմել է 6.34 դրամ (1000 ռուբլին՝ 6340 դրամ): Հայաստանում ռուբլու դիրքերի թուլացումը պայմանավորված է Ռուսաստանում տեղի ունեցող ցնցումներով. ռուբլին դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվում է։

Հայաստանի Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժույթի շուկայում հնարավոր ցնցումների դեպքում գլխավոր դրամատունը պատրաստ է և ունի բավարար գործիքակազմ շուկան հանգստացնելու համար։

Ռուսաստանում ռուբլին պարբերաբար «հոգեվարքի» մեջ է հայտնվում

Կորոնավիրուսի տարածման հետևանքով նավթի համաշխարհային պահանջարկը կրճատվել է, որն էլ հանգեցրել է նավթի էժանացմանը։ Նավթ արդյունահանող  ու արտահանող խոշոր երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի) տնտեսությունների համար սա էական հարված է՝ նավթից ստացվող եկամուտների շեշտակի անկման ու ազգային արժույթների արժեզրկման տեսքով։ Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) մի քանի անգամ փորձել են համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալները նվազեցնելու և դրանով գինը բարձրացնելու հարցում, սակայն դեռևս հաջողության չեն հասել։ 

Վերջին երկու շաբաթում նավթի համաշխարհային շուկայում երկու անգամ գների փլուզում տեղի ունեցավ։ Առաջինը՝ մարտի  9-ին, երբ նավթի համաշխարհային գները ընկան միանգամից 30%-ով, ու Brent տեսակի նավթի գինը հասավ մինչև 31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Եվ երկրորդը՝  մարտի 19-ին, երբ գները իջան 25 դոլարից ներքև։ Դա 2002-2003 թվականներից ի վեր նավթի ամենացածր գինն էր։ Հաջորդ օրվանից, սակայն, գները սկսեցին որոշակիորեն բարձրանալ։

Այդ երկու օրերին ցնցվեց նաև ռուբլին՝ արժեզրկվելով թե ՛ դոլարի, թե՛ եվրոյի նկատմամբ։ Ռուսաստանի տնտեսության ու երկրի պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի 20-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարն արժեր մոտ 81.16 ռուբլի, իսկ եվրոն՝ 87.3 ռուբլի։ Մինչդեռ տարվա սկզբում եվրոն չի հատել 70 ռուբլու սահմանը, իսկ դոլարը՝ եղել է 60-61 ռուբլու սահմաններում։

Քիչ ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում ռուբլու փոխարժեքներն են՝ հունվարից սկսած, աղբյուրը Ռուսաստանի կենտրոնական բանկն է։ Այստեղ հստակ երևում է, թե ինչպես են դոլարն ու եվրոն Ռուսաստանում փետրվարի վերջերից սկսած թանկացել։

Պաշտոնական փոխարժեքները վկայում են, որ ռուբլին տարեսկզբի համեմատ դոլարի նկատմամբ 29.5%-ով է արժեզրկվել, եվրոյի նկատմամբ՝ 25.8%-ով։

Մարտի 20-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ ռուբլու գրանցված թուլացումը ժամանակավոր բնույթ է կրում։ Կառույցը հայտարարել է, որ շուկայում տարադրամի լրացուցիչ վաճառքը թույլ կտա հավասարակռշել ռուբլին։

Վրացական լարին ևս արժեզրկվում է

Այս օրերին արժեզրկվում է նաև Վրաստանի ազգային արժույթը՝ լարին: Ընդ որում՝ այն ավելի արագ է արժեզրկվում դոլարի նկատմամբ, քան հայկական դրամը։

Կորոնավիրուսի տարածման լուրերի ֆոնին մարտի 17-ից լարին սկսել է նոր հակառեկորդներ սահմանել։ Ըստ Վրաստանի ազգային բանկի կայքում հրապարակված փոխարժեքների՝ այդ օրվանից մեկ ամերիկյան դոլարի արժեքը հատել է 3 լարիի շեմը, իսկ եվրոյի փոխարժեքը մոտեցել է 3.5 լարիի շեմին։

Հունվարի սկզբի համեմատ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 11.2%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 6.5%-ով։

Իսկ ռուբլու նկատմամբ լարին որոշակիորեն արժևորվել է. ըստ Վրաստանի ազգային բանկի տվյալների՝ եթե հունվարի 1-ի տվյալներով՝ 100 ռուբլին արժեցել է  4.61 լարի, ապա մարտի 20-ին՝ 4.04 լարի։

Վրաստանի ազգային բանկն այս արժեզրկումը կանգնեցնելու համար որոշել է արտարժույթի աճուրդներում դոլար վաճառել՝ փորձելով դոլարի քանակն ավելացնելով՝ հասնել դրա գնի նվազմանը։ Ազգային բանկը հայտարարել է, որ լարիի արժեզրկման վրա ազդում է բնակչության շրջանում առաջացած անորոշությունը։ Այստեղ ևս հավաստիացրել են, որ հետևում են շուկայի դինամիկային և օգտագործում իրենց գործիքակազմը գների ու ֆինանսական շուկաների կայունությունը պահպանելու համար։

Իրան. «սև շուկայում» ռիալի դիրքերը թուլացել են

Իրանական փոխարժեքի «սև շուկայում» ևս դոլարի գինը բարձրացել է։ Թեև Իրանում ներկայում պետականորեն ֆիքսված է 1 ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը 42 հազար ռիալ, սակայն, գործնականում նման փոխարժեքով տարադրամի առուվաճառք կամ չի իրականացվում, կամ քիչ է իրականացվում։ Իրանում ակտիվ է փոխարժեքի ազատ շուկան, որն առավել հաճախ անվանում են «սև շուկա»։ Իրանում դոլարի շուկայական և պաշտոնական գները խիստ տարբերվում են։

Իրանագետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին նավթից ստացվող եկամուտների անկումը հանգեցրել է նրան, որ նվազել է Իրան մտնող դոլարի ծավալները։ Պետությունը ստիպված է եղել սահմանել փոխարժեքի գին, սակայն այսօր դոլարը քչերին է հասանելի։

«Պետությունը դոլարը տալիս է հիմնականում մտերիմ շրջանակներում գտնվող մարդկանց, որոնք էլ «սև շուկայում» վաճառում են այն»,- ասաց իրանագետը։ Ըստ նրա՝ Իրան դոլար է մտնում նաև զբոսաշրջիկների «ձեռքով», որոնք ևս իրենց ունեցած դոլարը կարողանում են վաճառել ազատ շուկայում։

Այս օրերին Իրանում փոխարժեքի առուվաճառքով զբաղվողները, որոնց ձեռքում էլ կենտրոնացված է դոլարի հիմնական քանակը, դոլարը վաճառում են մոտ 160 հազար ռիալով։ «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ երկու ամիս առաջ մեկ դոլարը վաճառվում էր 130 հազար ռիալով։

Ռիալը ևս արժեզրկվում է նավթի գների անկման ու կորոնավիրուսի տարածման հետևանքով։ 

Վերջին տարիներին ռիալի համար բեկումնային է եղել 2015 թվականը, երբ Իրանի նավթագազային արդյունաբերության դեմ ԱՄՆ-ն սկսեց կոշտ պատժամիջոցներ կիրառել, ինչը հանգեցրեց ռիալի շեշտակի արժեզրկման։

Ադրբեջանական մանաթը կայուն է Նավթի պետական հիմնադրամից հատկացվող արտարժույթի վաճառքի հաշվին

Կորոնավիրուսը մեծ ծավալների հարված է հասցրել նաև Ադրբեջանի տնտեսությանը։ Ինչպես մյուս երկրներում, այստեղ էլ հիմնական տուժող ոլորտներն են զբոսաշրջությունը, օդային տրանսպորտը, հյուրանոցային տնտեսությունն ու հանրային սննդի ոլորտը։ Նավթի գների նվազումն ուղղակի ու շոշափելի բացասական ազդեցություն է ունենում Ադրբեջանի բյուջեի վրա, ինչպես նավթ արդյունահանող մյուս երկրների։ Այս ամենի ֆոնին, սակայն, ադբեջանական մանաթը կայուն վարքագիծ է դրսևորում։ Ներկայում մանաթի փոխարժեքը մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ 1.7 մանաթ է։ Տարվա սկզբում ևս այն նույն մակարդակում է եղել։

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը  վերլուծել է այս տարվա մարտին նավթի գնանկման ազդեցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի ու Ղազախստանի տնտեսությունների ու նրանց ազգային արժույթների վրա։ Գործակալությունը նշում է, որ ի տարբերություն ռուսական ռուբլու և ղազախական տենգեի, ադրբեջանական մանաթը այս օրերին կայուն է եղել։ Այդ կայունությունն, ըստ Moody's-ի փորձագետների, Ադրբեջանն ապահովում է Նավթի պետական հիմնադրամից արտարժույթի վաճառքի հաշվին։ Այսինքն՝ ավելացնելով դոլարի քանակը տնտեսության մեջ՝ պետությունը հասնում է դրա կայունությանը։ Սակայն, եթե նավթի գները մնան ցածր մակարդակում, ըստ գործակալության, Ադրբեջանի կառավարությունը կառերեսվի ազգային արժույթի արժեզրկման հետ։

Թուրքական լիրայի դիրքերը ևս թուլացել են

Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ներքին ու արտաքին տնտեսական խնդիրները Թուրքիայում հանգեցրել են ազգային արժույթի՝ լիրայի դիրքերի թուլացմանը ամերիկյան դոլարի նկատմամբ։  

Ինչպես վկայում են Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքները, եթե այս տարվա մարտի սկզբի դրությամբ 1 ամերիկյան դոլարի արժեքը 6.2 լիրայի սահմաններում է եղել, ապա մարտի 19-20-ի դրությամբ՝ 6.5-ի սահմաններում։ Իսկ տարեսկզբի դրությամբ այն 5.9 սահմաններում է եղել։ Այսինքն՝ տարեկսզբից լիրան արժեզրկվել է մոտ 10%-ով։

Իսկ եվրոյի նկատմամբ լիրան 6.9-ի սահմաններում է, 7-ի չի հասնում։ Տարեսկզբին այն մոտ 6.6 լիրա է եղել։

Թուրքական մի քանի պարբերականներ նկատում են, որ այսօրվա փոխարժեքը 2018 թվականի սեպտեմբերից ի վեր գրանցված ամենաթույլ փոխարժեքն է։ Լիրան կտրուկ արժեզրկվել է 2018 թվականի ամռանը՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման հետևանքով։ 

Թուրքիայի կառավորությունը ևս հայտրարել է, որ քայլեր է ձեռնարկում տնտեսության անկումն ու ազգային արժույթի արժեզրկումը կանգնեցնելու համար։

Այսպիսով, թե՛ Հայաստանում, թե՛ հարևան երկրներում, բացի Ադրբեջանից, վերջին օրերին ազգային արժույթի անկման դինամիկա է գրանցվում։ Փորձեգետները խուսափում են կանխատեսել, թե երբ կարգելակվի այս անկումը և թե ինչ մակարդակում կմնան փոխարժեքները, քանի որ արտարժույթի շուկան անչափ զգայուն է տնտեսական գործընթացների նկատմամբ, ու հենց դրանցից է կախված արժույթների վարքագիծը։ Հարկ է նշել, որ այս օրերին արժեզրկվում են ոչ միայն Հայաստանի ու տարածաշրջանի, այլև՝ շատ այլ երկրների արժույթներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter