
Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու համար Արցախից փորձանմուշներն ուղարկվում են Երևան
«Արցախի հիվանդանոցներում կորոնավիրուսի թեստավորում չեն իրականացնում, քանի որ չունեն համապատասխան լաբորատորիա, այդ պատճառով փորձանմուշն ուղարկում ենք Երևան՝ «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»»,-այս մասին «Հետքի»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը։
Տեսչության պետը հայտնեց, որ մեր հարցերի պատասխանները կարող ենք ստանալ Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:
Տեղեկատվական շտաբից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ բուժհաստատություններում բարեկարգման աշխատանքներ են կատարվում։
«Այս փուլում նմուշառումները հետազոտության նպատակով ուղարկվում են Երևան՝ չի բացառվում, որ ինչ-որ փուլում այն հնարավոր լինի կազմակերպել տեղում՝ Արցախում: Լաբարատորիան տեխնիկապես անհրաժեշտ վիճակի բերելու հետ կապված աշխատանքները ավարտելուց հետո անհրաժեշտ որոշում կկայացվի»,-նշված էր պատասխանում:
Տեղեկատվական շտաբից վստահեցնում են նաև, որ Արցախի բոլոր շրջանների բուժհաստատություններում կան առանձնացված սենյակներ, անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին մեկուսացնելու համար։
«Շրջանների բժշկական կենտրոններում կահավորման և լրակահավորման աշխատանքներ են իրականացվել, որոշակի դեպքերում՝ նաև շինարարական թարմացումներ»,-հայտնում են տեղեկատվական շտաբից:
Տեղակատվական շտաբի տվյալների համաձայն, բուժհաստատություններում կա 2 մեկուսացված քաղաքացի, որոնց փորձանմուշների պատասխանները կստացվեն վաղը՝ ապրիլի 7-ին:
Մեկնաբանել